Քաղաքագետ. «ՀՀ ղեկավարություն-ԱՄՆ պետքարտուղար քննարկման հիմնական առանցքը եղել է ԼՂ կարգավորման հարցը»
Նմանատիպ
«Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է ցույց տալ, որ ղարաբաղյան հարցում չկա ստասուս-քվո, ինչի ապացույցն էր նաև երեկվա Չինարի գյուղի միջադեպը: Ես վստահ եմ, որ երեկվա սադրանքները նվիրված էին Քլինթոնի տարածաշրջան կատարած այցին: Ադրբեջանն ուզում է ասել, որ հակամարտությունը սառեցված չէ: Իրենք փորձում են սրել իրավիճակը և փոխել իրադրությունը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկվա իրադարձություններին:
Քաղաքագետի կարծիքով՝ այն, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հիլլարի Քլինթոնն անդրադարձել է ԼՂ կարգավորման խնդրին, իր դիրքորոշումը հայտնել սահմանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ, վկայում է այն մասին, որ ՀՀ ղեկավարություն-ԱՄՆ պետքարտուղար քննարկման հիմնական առանցքը եղել է ԼՂ կարգավորման հարցը:
«ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան պետք է բաժանել երկու մասի: Դա առաջին հերթին ԱՄՆ–ի քաղաքական և աշխարհաքաղաքական շահերն են, երկրորդը` տարածաշրջանային լոկալ խնդիրներին անդրադարձն ու աջակցության որոշակի մակարդակը մեր պետություններին»,- նկատել է Հ.Մելիք–Շահնազարյանը:
Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ–ի համար կարևոր են նաև հայ–թուրքական հարաբերությունները: ԱՄՆ–ը ցանկանում է զսպել Թուրքիայի ազդեցության մեծացումը տարածաշրջանում, և այդ նպատակով օգտագործում է Հայկական հարցը, քանի որ ինչպես բազմիցս նշվել է` ԱՄՆ–ը շահագրգռված է հայ–թուրքական սահմանի բացմամբ՝ ակնկալելով, որ Թուրքիան կշարունակի տարածաշրջանում լինել ԱՄՆ–ին հարմար դաշնակից:
Մեկնաբանելով Իրանում ռազմական գործողությունների հնարավորության հարցը՝ Հ.Մելիք-Շահնազարյանն ասել է, որ Ադրբեջանն ԱՄՆ–ի ու Իսրայելի համար պոտենցիալ դաշնակից է և հնարավոր է՝ հենակետ հանդիսանա Իրանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու դեպքում: Ըստ բանախոսի` ԱՄՆ–ը այդ պատճառով է դրական վերաբերվում Ադրբեջանի սպառազինմանը:
Ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև Արցախում սպասվող նախագահական ընտրություններին: Քաղաքագետ Հ.Մելիք-Շահնազարյանը տեսակետ է հայտնել, որ առայժմ քաղաքական իրավիճակն Արցախում լիովին հստակ չէ. «Մինչև ամսի 19-ը դեռևս կարող են թեկնածուներ առաջադրվել: Ներկայումս ունենք 4 գրանցված թեկնածու: Գլխավոր թեկնածուները կարծում եմ գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին պաշտպանության նախարար Վիտալի Բալասանյանն են»:
Քաղաքագետն ընդգծել է այն հանգամանքը, որ երեկ Արցախի երկու իշխող կուսակցությունները` Արցախի դեմոկրատական և Ազատ արցախ կուսակցությունները, խորհրդի նիստում իրենց աջակցությունն են հայտնել Բ. Սահակյանին:
«Ես վստահ եմ, որ կընտրվի հենց Բակո Սահակյանը: Եվ դա պնդում եմ այն հիմքով, որ Արցախում հասարակությունը որքան փոքր է, այնքան էլ կոնսոլիդացված է և սովորաբար, ինչ անում, այնտեղ բոլորը միասին են անում: Իհարկե Բալասանյանն ունի կողմնակիցների մեծ բանակ, բայց վստահ եմ, որ այնուամենայնիվ, հանրության և ընդհանրապես էլիտայի ձայնը կտրվի գործող նախագահին»,- ընդգծել է Հ.Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նաև նկատել է, որ քաղաքական առումով կարելի է ակնկալել տարբեր շահարկումներ, ինչպես նաև Ադրբեջանն անմասն չի մնա նոր վայնասունից, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախում հուլիսի 19-ին տեղի կունենան արդեն 5-րդ նախագահական ընտրությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում