Բ.Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ բերքահավաքի կազմակերպման հարցերի շուրջ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2012թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:
Զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները:
Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2012թ. հունիսի 10-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի զանգվածային լրատվամիջոցների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում