Ուրբաթ գիշեր Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածը և Լիբանանը՝ հայտարարելով, որ իր նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն է և վրեժը մի քանի տասնյակ հրթիռների համար, որոնք արձակվել են Իսրայելի դեմ երկու տարածքներից, տեղեկացրել է AFP-ն։
Սա ամենամեծ գնդակոծությունն էր Լիբանանի տարածքից՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ 2006թ. Իսրայելի 34-օրյա պատերազմից հետո, և առաջին անգամ է, որ Իսրայելը հաստատել է լիբանանյան տարածքի դեմ գրոհը 2022թ. ապրիլից ի վեր։
Գնդակոծությունն սկսվել է առավոտյան ժամը 4-ին, հարվածներ են հասցվել Գազայի հատվածին, Լիբանանի հարավին, նշվել է իսրայելական բանակի հայտարարությունում։
Պայթյունները լսել են AFP-ի լրագրողները Լիբանանի Տիր շրջանում, ինչպես նաև Գազայի հատվածում, որտեղ իսրայելական օդային գրոհները տևել են մինչև կեսգիշեր։
Իսրայելի և պաղեստինցիների միջև լարվածությունը սրվել է հրեական Զատկի և մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ժամանակ։
Բռնության վերջին բռնկումը տեղի է ունեցել Երուսաղեմում, սրբազան համարվող Ալ Աքսա մզկիթի ներսում։
Հինգշաբթի իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից արձակվել է ավելի քան 30 հրթիռ։
Լիբանանի բանակը հայտարարել է, որ Մարջայուն շրջանում, ձիթենյաց անտառում հայտնաբերվել և ապամոնտաժվել է համազարկային կրակի հրթիռային համակարգ՝ լիցքավորված վեց հրթիռներով, որոնք պատրաստ էին ուղարկվել Իսրայելի դեմ։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում հասցրել է հարվածներ երկու թունելների և «զենքի արտադրության երկու վայրի», որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին՝ «ի պատասխան անվտանգության խախտման վերջին մի քանի օրերի ընթացքում։
Բանակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են 25 հրթիռ, իսկ հինգն ընկել է իսրայելական տարածքում։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ «թույլ չի տա ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը գործել Լիբանանի տարածքում և Լիբանանի պետության վրա է դնում նրա տարածքից արձակվող յուրաքանչյուր կրակոցի պատասխանատվությունը»։
Բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռիչարդ Հեհթը Լիբանանի տարածքից իրականացված հրթիռակոծության մեջ մեղադրել է պաղեստինցի գրոհայիններին։