Հայաստանում զբոսաշրջիկների թվիվն աճել է
Նմանատիպ
Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջային այցերի նկատելի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, ներկայացնելով թարմ տվյալներ, նշեց, որ առաջին եռամսյակում գրանցվել է 450 հազար զբոսաշրջային այց: Այնինչ 2019 թվականին, երբ համավարակին նախորդող ժամանակաշրջանն էր, գրանցվել էր 360 հազար զբոսաշրջային այց:
«Միայն մարտ ամսին Հայաստան է եկել 160 հազար զբոսաշրջիկ: Սա շատ լավ թիվ է մեզ համար: Առաջին անգամ է, որ մենք ունենք այսպիսի ցուցանիշ: 2019 թվականի մարտ ամսին մենք ունեցել ենք 118 հազար զբոսաշրջիկ: Ակտիվություն շատ կա Ռուսաստանից, Իրանից, ինչպես գիտենք, մարտին իրանցիները Նովրուզն են նշում: Հաջորդ երկիրը Վրաստանն է, այնուհետև Էմիրությունները: Մենք բավական ակտիվ աշխատանք ենք կատարել Դուբայում ու հիմա արդյունքը տեսնում ենք: Այս տարվա առաջին 3 ամսվա ընթացքում բավական հոսք ունենք այդտեղից»,-ասաց կոմիտեի նախագահը:
Վերջին շրջանում այլ երկրներից դեպի Երևան բացվող ուղիղ չվերթները նույնպես նպաստում են զբոսաշրջային այցերի ակտիվությանը: Մասնավորապես, Իտալիայից դեպի Երևան մի քանի ուղիղ չվերթներ կան՝ Հռոմ, Միլան, Վենետիկ, իսկ Հայաստանն ակտիվ աշխատում է Իտալիայից զբոսաշրջիկներ բերելու ուղղությամբ: Սիսիան Պօղոսեանը տեղեկացրեց, որ այս ուղղությունից ևս ակտիվություն նկատվում է:
«Զբոսաշրջիկների հոսք ապահովելու համար մեր թիրախային շուկաներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Էմիրությունները: Դեպի Բալթյան երկրներ նույնպես ուղիղ չվերթներ են բացվում, ինչը նույնպես իր ազդեցությունը կթողնի այդ երկրներից զբոսաշրջիկների հոսք ապահովելու համար: Ուղիղ չվերթները գործարկելուց առաջ մենք արդեն աշխատում ենք այդ երկրներում, գովազդում ենք Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները»,-ասաց Սիսիան Պօղոսեան՝ ավելացնելով, որ նաև աշխատում են տարբեր երկրների լրագրողական խմբերի, բլոգերների հետ, կազմակերպում են այցեր Հայաստան, ինչը նույնպես նպաստում է զբոսաշրջային ակտիվության ապահովմանը:
Հայաստանում զբոսաշրջիկներին հետաքրքրում են պատմամշակութային վայրերը, խոհանոցը, արկածային տուրիստական առաջարկները, բնությունը, արշավները և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում