Հայաստանը և Ղազախստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունը:
Ադիլբեկ Ջակսիբեկովը կարևորել է պատվիրակության` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը:
Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, պաշտպանության, անվտանգության բնագավառներում փորձի և տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական փոխգործակցության խթանման, այս ոլորտում նորմատիվային բազայի հստակեցման ուղղությամբ ձեռնարկված և պլանավորվելիք քայլերի կարևորությունը:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև, ի լրումն պաշտպանության ոլորտի, առկա է համագործակցության մեծ ներուժ նաև այլ ոլորտներում, և երկու երկրների նախագահների կառուցողական և ակտիվ երկխոսությունը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման համար:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային իրադրությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում