Ա.Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկում է նրա անվան միջազգային 8-րդ մրցույթը

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այսօր մեկնարկում է արդեն ավանդական դարձած Ա.Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթը:

Այսօր առավոտվանից Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի շրջանակներում բոլոր մանսակիցները, ժյուրիի անդամները և պատվավոր հյուրերը մեկնել են պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանին և ծաղիկներ դնելու նրա շիրիմին:

Իսկ մրցույթի հանդիսավոր բացումը տեղի կունենա այսօր ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացման արարողությանը ելույթ է ունենալու  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի  գլխավորությամբ:

Համերգի մենակատարն է 2010թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին (Լեհաստան):

Ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Հունիսի 7-12ը կանցկացվեն մրցութային երեք փուլերը, իսկ հունիսի 13-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա պարգևատրման արարողությունը, որին կհետևի Գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակրի մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում