Փոքր պետություններ, մեծ պատերազմ․ Հայաստանի և Ադրբեջանի բախումը կարող է մեծ ճգնաժամի պատճառ դառնալ
Նմանատիպ
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել է գործընկերային հարաբերություններ Հարավային Կովկասում, որոնք զարմանալի ձևերով կտրում են կրոնական, էթնիկական և աշխարհաքաղաքական գծերը:
Շիա հոգևորական վերնածավի կողմից ղեկավարվող Իրանը տնտեսական փրկություն է ապահովել քրիստոնյա մեծամասնություն ունեցող Հայաստանին, որի հիմնական աջակիցը երկար ժամանակ եղել է Ռուսաստանը: Մինչդեռ Իսրայելը և սուննի մեծամասնություն ունեցող Թուրքիան ռազմավարական դաշինք են կազմել հիմնականում շիա Ադրբեջանի հետ: Եվ շիա մեծամասնություն ունեցող երկու երկրները՝ Իրանը և Ադրբեջանը, շարունակում են գտնվել տարածքի և ինքնության շուրջ խորը հակասությունների մեջ։
Այս մասինգրում է հեղինակավոր Foreign Affairs պարբերականը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության ներկա փուլին և հնարավոր զարգացումներին։
Ըստ պարբերականի՝ Հարավային Կովկասում համագործակցության և նախապատվությունների այս ձևաչափը նախորդ 30 տարիների ընթացքում եղել է զուտ դիտարկման և հետաքրքրության առարկա, սակայն 2020թ-ի կարճատև պատերազից հետո, երբ Ադրբեջանը հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ, այս հակասություններն ու ուժերի բևեռացումը գնալով սրվում և նկատելի են դառնում։
Հեղինակի կարծիքով՝ հարավից Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների բլոկի և մյուս կողմից Իսրայելի, Ադրբեջանի ու Թուրքիայի բլոկի արանքն ընկնելու ենթադրյալ սպառնալիքը, զուգորդված Իրանում ներքին անկարգությունների հետ, կարող են դրդել Թեհրանին բացահայտորեն Հայաստանի կողմից մտնել հակամարտության մեջ և փորձել ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում: Մինչդեռ Ադրբեջանը, ըստ հեղինակի, կարող է ձգտել զինել և հրահրել անջատողականությունն Իրանի ադրբեջանցիների շրջանում: Նման քայլերը կարող են հանգեցնել էսկալացիոն պարույրի, որը կվտանգի ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասի կայունությունը և կարող է հանգեցնել ավելի լայն ճգնաժամի։
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ Foreign Affairs-ը նշում է, որ դրա տրամադրման դեպքում Իրանն ու Հայաստանն այլևս սահման չեն ունենա, մինչդեռ Իրանը Հայաստանն ընկալում է որպես Եվրասիայի հետ կենսական կապուղի՝ սպառնալով ռազմական ուժ կիրառել տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխպման դեպքում:
«Վերջին երկու տարվա ընթացքում Իրանի կանոնավոր բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ի պատասխան՝ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել Արաքս գետի հյուսիսային կողմում։ Իրանի անհանգստությունն ավելի է սրվել այն տեղեկությունների կապակցությամբ, որ Թուրքիան Ադրբեջան է բերել հարյուրավոր ծայրահեղական վարձկանների Սիրիայից՝ օգնելու 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ», – շարունակում է հեղինակը:
Նա ընդգծում է, որ 2020 թվականին Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո Բաքուն անսովոր ագրեսիվ տոն է որդեգրել Իրանի նկատմամբ։ Անցած աշնանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Իրանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել։
Իրանական լրատվամիջոցների մեկնաբաններն իրենց հերթին պնդել են, որ Ադրբեջանի շատ քաղաքացիներ, այդ թվում՝ «Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժում» կոչվող խումբը, դեմ են Կովկասում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ազդեցությանը և ցանկանում են կրկին միանալ իրենց իրանական «հայրենիքին», – գրել է հեղինակը:
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը փխրուն է… Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նորից պատերազմ սկսվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, նախկինի համեմատ ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քանի որ խաղադրույքներն այժմ շատ ավելի բարձր են:
Պոտենցիալ սցենարներից մեկում Իրանը կարող է ընտրել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ իրականացնել Ադրբեջանում գտնվող իսրայելական բազաների վրա, ինչը նման է վերջին ամիսներին Իրաքի քրդաբնակ շրջաններում իսրայելական «ռազմավարական կենտրոնների» դեմ իրականացված գործողություններին (Իրաքյան Քրդստանի պաշտոնյաները հերքել են նման բազաների առկայության մասին պնդումը): Այնուհետև, Ադրբեջանն ու Իսրայելը, հավանաբար Թուրքիայի համագործակցությամբ, կարող են ձգտել ապստամբություն հրահրել Իրանում էթնիկ ադրբեջանցիների շրջանում, որն իր հերթին կարող է հրահրել իրանական զինվորականներին ներխուժել հենց Ադրբեջան.
Առայժմ իրադարձությունների նման զարգացումը մնում է զուտ հիպոթետիկ։ Սակայն հիպոթետիկ չէ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը կարող է վերածվել ճգնաժամի, որը կարող է ներքաշել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին (Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի կողմից) և Ռուսաստանին (Հայաստանի և Իրանի կողմից)՝ այդպիսով ևս մի սխալ գիծ բացելով Ռուսաստանի հետ Արևմուտքի անհանգիստ հարաբերություններում և ամրապնդելով Թեհրանի և Մոսկվայի միջև ձևավորվող ռազմական գործընկերությունը:
Լարվածությունը նվազեցնելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եռակողմ բանակցություններ է վարել Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև Ալիևին խնդրել է անհապաղ վերաբացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող առևտրային ճանապարհը՝ հումանիտար աղետը կանխելու համար։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև երկու առաջնորդների հետ՝ կոչ անելով զերծ մնալ հետագա էսկալացիայից։ Բայց քանի դեռ միջազգային հանրությունը չի գիտակցել, թե ինչպես երկու փոքր երկրների միջև այս հակամարտությունը կարող է վերածվել համաշխարհային հետևանքներով ճգնաժամի, առաջընթացը անհավանական է մնում», – եզրափակել է հեղինակը: