Ալիևի աշխատակազմը ընդունում է ադրբեջանական քարոզչության անարդյունավետությունը
Նմանատիպ
Չցանկանալով անդրադառնալ վերջերս Բաքվում մի կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովի ելույթում հնչած որոշ ձևակերպումներին, որոնք պարզապես ժպիտ են առաջացնում, փորձենք դիտարկել ելույթի բովանդակային իմաստը: Իսկապես այստեղ ուշադրության է արժանի ոչ թե հենց Ալի Հասանովը իր անձով և անզուգական մտքերով, այլ բուն ելույթը, որը դժվար թե առանց Ի.Ալիևի և իր իդեոլոգների գիտությամբ կազմված լիներ: Ըստ էության իշխանության բարձրագույն մակարդակով հաստատվեց այն, ինչ երկար ժամանակ ասում էին ադրբեջանական քարոզչության մասին հայ և օտարազգի փորձագետները:
Առաջին հայացքից թվում է, թե այդ ելույթը դժգոհություն է ուղղված միջազգային հանրությանը Ադրբեջանին չհասկանալու և ըստ արժանվույնս չգնահատելու համար, սակայն այս դեպքում այն իրականում ներքին սպառման համար է և ինքնաարդարացման միտումներ է հետապնդում: Հավանաբար ադրբեջանական հանրությունը համացանցի միջոցով այս անգամ բավականին տեղեկացված է Եվրատեսիլի առիթով դրսից հնչող քննադատություններին և բնականաբար այս արտաքին ճնշումներին պետք է վարչակազմը ինչ-որ կերպ արձագանքեր՝ ավելի լարվող ներքին վիճակը վերահսկելու համար: Իսկ ադրբեջանցիների համար հակազդման միակ բանաձևը հետևյալն է. Ադրբեջանի մասին ներկայացվող ամեն բացասական բան ապատեղեկատվություն է և հերյուրանք:
Ելույթում ներկայացված են լայն ընդգրկվածության խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը ուղղակի կամ անուղղակի հաստատում են այս երկրի ինչպես դիվանագիտական, այնպես էլ արտաքին քարոզչական ձախողումները, միաժամանակ ապացուցելով իրենց իսկ ստեղծած մի շարք առասպելների սնանկությունը: Եթե խմբավորենք ելույթի հիմնական ասելիքները, ապա դրանք են՝
- Ադրբեջանը դժգոհ է օտարերկրյա լրատվական գործակալություններից, հեռուստաընկերություններից, մի շարք երկրներից, ինչպես նաև Եվրամիությունից, որոնք ճնշումներ են գործադրում Ադրբեջանի վրա և քննադատելուց բացի որևէ դրական բան չեն գտնում այս երկրում:
- Ադրբեջանը թեև ժողովրդավարական երկիր է մարդու իրավունքների կայացած համակարգով և առաջադեմ հասարակությամբ, բազմաթիվ անկախ քաղաքացիական ինստիտուտների առկայությամբ, ընդդիմության ազատ գործունեությամբ, ինչպես նաև մշակութային և պատմական մեծ ժառանգությամբ, այնուամենայնիվ միջազգային հանրությունը չգիտես ինչու չի տեսնում և գնահատում դա, իսկ Ադրբեջանին դասում է աֆրիկյան երկրների շարքում:
3. Միջազգային հանրության կողմից չեն գնահատվում նաև Ադրբեջանի անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, միջազգային ահաբեկչության և Իրանի դեմ ուղղված իր ջանքերը, հանուն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար մղվող իր պայքարը:
- Ադրբեջանը ի վիճակի չէ լուծել իր փախստականների սոցիալ-տնտեսական խնդիրները:
- Այդ «գաճաճ» պետություն Հայաստանը, կարողանում է թելադրել իր պայմանները Միավորված ազգերի կազմակերպությանը և միջազգային հանրությանը:
- Դրսից տգեղ և վիրավորական բնույթի զանգվածային քարոզչություն է տարվում նախագահ Ի.Ալիևի, նրա ընտանիքի անդամների, պետական չինովնիկների և տարբեր օղակների պաշտոնյաների դեմ:
Հիմնվելով վերը նշվածի վրա՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կամա թե ակամա ընդունում է, որ կեղծիքների և կաշառքի վրա հիմնված իր խառնաշփոթ քարոզչությունը տապալված է, չկա ոչ իրական, ոչ էլ նույնիսկ թվացյալ արդյունք՝ քանի որ միջազգային հանրության գնահատականները ավելի են սաստկանում և հաճախակի դառնում:
Հայաստանը, որն իբրև թե ադրբեջանական հետևողական պայքարի արդյունքում թուլացել է, չի նշվում, թե ինչպես է այդ դեպքում կարողանում իր կամքը թելադրել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին: Կամ այդ ուր են անհայտացել փախստականներին հատկացվող հսկայական միջոցները, ուր են չքացել փախստականների համար կառուցվող բնակավայրերը, ուր են բնակչության կենսամակարդակի աճը վկայող արդյունքները, երբ իբրև թե մեկ միլիոն փախստականները դեռևս ապրում են վրաններում:
Իհարկե սպառնալիքները, նեղացկոտությունը և լացկանությունը նոու-հաուներ չեն ադրբեջանական քաղաքականության մեջ: Պարզապես այս անգամ Ադրբեջանը բարձրագույն մակարդակով ֆիքսում է, որ ձախողվել է իր արտաքին քարոզչական պայքարում, որի վրա տարեկան հարյուրավոր միլիոն դոլլարներ է ծախսում, այլապես պետք է խոստովաներ, որ երկար ժամանակ ստել է իր տեղեկատվական, դիվանագիտական և սոցիալ-տնտեսական հաղթանակների մասին:
Սարգիս Մանուկյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում