Թերթերն այսօր. Անդրադարձ Տավուշի մարզում վերջին լարվածություններին և արդյո՞ք Wikileaks-ը նոր բացահայտումներ ունի Հայաստանի մասին

Հետընտրական զարգացումներ.

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է ԱԺ-ի հաստատմանը ներկայացվելիք կառավարության ծրագրին և փորձել է պարզել տարբեր խմբակցությունների հնարավոր վերաբերմունքն ու այդ ծրագիրը տապալելու հավանականությունը: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը նշել է, որ ինչ ծրագիր էլ ներկայացվի, իրենք դեմ են քվեարկելու, քանզի «այս կառավարությունը արդեն ապացուցել է, որ զբաղված է միայն մի քանի պետական պաշտոնյա օլիգարխների հարստացման գործընթացը ապահովելով»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանն ասել է, որ լինելով ընդդիմություն՝ դեմ են քվեարկելու: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նույնպես խոսել է դեմ արտահայտվելու մասին: 

Այնուհետև թերթը կենտրոնացել է ԲՀԿ-ի դիրքորոշման վրա, ինչի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե երբ ծրագիրը բերվի ԱԺ, քննարկվի, քննարկման արդյունքներից պարզ կլինի, իսկ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը պայմանավորելու է խմբակցության ներսում անցկացրած քննարկումներով:

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Աժ ընտրություններից հետո այլևս չի գործում Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունը, մասնավորապես` աշխատակազմը: «Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե աշխատակիցները հիմա արձակուրդում են»: «Մարդիկ լարված աշխատեցին և մինչև օգոստոսի տասը արձակուրդ են մեկնել»,-ասել է նա: Ըստ Հովհաննիսյանի` սեպտեմբերից իրենց մոտ կմեկնարկի նոր ծրագիր: «Նախագահի ընտրություններին ընդառաջ` քաղաքագիտական, գիտակիրառական լսումների շարք ենք նախատեսում կազմակերպել մինչև ընտրություններ»,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ հասարակությունը հենց այդ ընտրությունների հետ է կապում իր հույսերը:

Անդրադարձ լարվածություններին հայ-ադրբեջանական սահմանագծում.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Նախօրեի գիշերը Տավուշի մարզի Չինարի և Բերդական գյուղերի մոտ տեղակայված դիրքերի մոտ ադրբեջանական երկու դիվերսիոն խմբերի հարձակումներից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Երեկ կեսօրին հակառակորդն անընդմեջ գնդակոծել Է Մովսես գյուղի մոտ գտնվող հայկական դիրքերը: Գյուղի բնակիչները երեկ ողջ օրն անցկացրել են կամ տներում, կամ նկուղներում` ավազով լի պարկերի պատնեշների ետևում: Գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ ամեն ինչ նորմալ է, գյուղացիները նման կրակոցների սովոր են, մինչդեռ գյուղի բնակիչները պատմել են, որ ինչքան էլ նախկինում տեսել են հրադադարի ռեժիմի նման խախտումներ, դա իրենց համար նորմալ չի կարող լինել: «Վախի մեջ ենք: Այ հենց հիմա էլ կրակում են: Լսո՞ւմ եք: Մարդիկ տներում փակված են, ես հիմա դուրս եմ եկել, տեսնեմ` ինչ կա, նորից գնամ տուն»,-թերթի թղթակցին հեռախոսով ասել է գյուղի բնակիչներից մեկը` հավելելով. «Ամեն դեպքում շատ խառը իրավիճակ է: Մենք հիմա տներից դուրս չենք գա: Գյուլլեն քոռ ա, ինչ իմանաս, թե ուր կընկնի»: Նա նաև պատմել է, որ աննախադեպ ակտիվ են ադրբեջանական կողմի կրակահերթերը, իսկ հայկական կողմը հակահարված է տալիս անհամեմատ «համեստորեն»:

Երեկ` ուշ երեկոյի դրությամբ զոհերի ու վիրավորների մասին, բարեբախտաբար, չէր հաղորդվում: 

Ավելի ուշ թերթը տեղեկություն է ստացել, որ կրակոցներ են լսվում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի վրա` Տավուշի մարզի հատվածի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, թերթի տեղեկություններով, գնդակոծվել է Տավուշի մարզի Բարեկամական, Ոսկեպար, Այգեպար, Չինարի և մի քանի այլ գյուղերի շրջակայքը: Մի քանի ժամ կրակոցների ձայներ են լսվել նույնիսկ Նոյեմբերյանում: Երեկոյան գնդակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է:

«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ երեկ գիշերը, կրկին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած գործողությունը, փորձել են հատել ՀՀ պետական սահմանը: Թերթը այս թեմայով զրուցել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալգնդապետ Միքայել Հարությունյանի հետ.

Պարոն Հարությունյան, հակառակորդը կարողանում է շատ հեշտ ներխուժել Հայաստանի տարածք և իր հետևից զոհեր ու վիրավորներ թողնել: Որպես նախկին նախարար` խնդրում եմ ասե´ք` ինչն է պատճառը, որ հայկական կողմը չի կարողանում զսպել դիվերսիոն խմբերի գործողությունները:

Նրանք փորձում են ցույց տալ իրենց հնարավորությունները, բայց սխալվում են, և այսօր (երեկՍ.Գ.) իրենք ստացան այն, ինչը պետք է ստանային: Բոլոր տեղերում էլ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք մեզ հաղթել են: Մենք ուզում ենք, որ իրավիճակը շփման գծում հանգիստ լինի, բայց, ինչպես երևում է, նրանք այդպես չեն ուզում:

Բայց մինչև մենք որոշում ենք` ուզում ենք, թե չենք ուզում, նրանք սպանում են

Շատ վատ է, որ մենք նրանց նման չենք, բայց նրանք իրենց այդ վարքագծով շատ ավելի կորուստներ են ունենում: Մեզ համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քան իրենց տասնյակինը: Եվ, իհարկե, մենք չենք ուզում, որ հայ զինվորները և քաղաքացիները մահանան այդ սահմանների վրա: Իսկ եթե նրանք այդ քայլին են գնում, նշանակում է` համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հետ և կարծում են, որ իրենք ուժեղ են և կարող են ԼՂ հակամարտությունն ինքնուրույն լուծել, սակայն դա նրանց չի հաջողվի: Չի հաջողվի երեք պատճառով, առաջին` նրանք պատրաստ չեն դրան, երկրորդ` մենք Ադրբեջանից թույլ չենք, երրորդ` միջազգային հանրությունը թույլ չի տա, որ ԼՂ հակամարտության հարցը լուծվի ուժային ճանապարհով: Իլհամ Ալիևն ինքն էլ է գիտակցում, որ այդ մեթոդներով ինքը ոչնչի չի հասնի, և բանակցությունների կարիք կա: Միայն բանակցությունների արդյունքում է հնարավոր խնդիրը լուծել: 

Տպավորությունն այնպիսին է, որ մեր հակառակորդին հաջողվում է գործողություններ իրականացնել, քանի որ հայոց բանակի ղեկավար կազմն իր «տեղում» չէ: 

Մենք միշտ պետք է զգոն լինենք, բայց դեպքերն ամեն կերպ կարող են պատահել, դա անկանխատեսելի է:

Նշվում է նաև, որ տարածքն ականապատ չի եղել, դրա պատճառով է ադրբեջանական կողմը հարձակվել:

Մեր սահմաններն ականապատված են բայց մեթոդ կա, երբ կարող են հանել այդ ականները, իրենք կարող են դա անել:

«Երկիր»-ը գրում է, որ հայադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման եւ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված 3 հայ զինծառայողներից մեկը` Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից, իսկ զորացրվելուն մնացել էր ընդամենը 5 օր:

Զինվորը դեպքից երկու օր առաջ զանգահարել էր տուն` բարձր տրամադրությամբ, եւ ասել, թե ինչ հագուստ գնեն իր համար:

Զարմանազան.

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ` Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը և դեսպանատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: Այսպիսով` ԱՄՆ դեսպանը պարզապես դիվանագիտական ապտակ է հասցրել Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին: Բայց խայտառակությունը դրանով չի ավարտվել: Մայրաքաղաքի փնթի վիճակը հավանաբար այնքան է զայրացրել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, որ նա ամերիկյան իր հայտնի ժպիտով «աղբահավաքությանը» զուգահեռ նաև շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին աջակցության համար: «Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք… Երևանը շատ գեղեցիկ քաղաք է` բազմաթիվ լավ տեղանքներով և մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել` այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով»,-նշել է Ջոն Հեֆֆերնը` ուղղակի կշտամբելով մեր քաղաքապետին: Ի դեպ, դեսպանը երեկ առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել և կիրառել իրավաբանական գործիքներ` տուգանքներ:

 «Ժամանակ» թերթի հաղորդմամբ՝ Վաշինգթոնում գտնվող իր թղթակիցը, որն ակտիվ շփումներ ունի ԱՄՆ պաշտոնյաների, հասարակական գործիչների և պաշտոնյաների հետ, կարողացել է պարզել, որ առաջիկայում չի բացառվում, որ Wikileaks-ը Հայաստանի  քաղաքական կյանքին առնչվող նոր փաստաթղթեր բացահայտի:

«Դրանք վերաբերելու են Հայաստանի առանձին պաշտոյաների, օլիգարխների և ընդդիմադիրների` ամերիկացի պաշտոնյաների հետ, ՀՀում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ մասնավոր հանդիպումներին և զրույցներին: Նախագահական ընտրություններից առաջ նախանշված այս բացահայտումը կարող է էական ազդեցություն գործել ՀՀ ներքաղաքական դաշտի վրա»,- գրում է թերթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում