Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը
Նմանատիպ
«Երևան-Արմավիր» Մ5 ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բացվել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը:
Բացումը տեղի է ունեցել Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ։
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը կարևորել է ընդհանուր պատմական հաղթանակների և ձեռքբերումների մասին հիշողության պահպանումը:
«Մեր երկու եղբայրական ժողովուրդներին կապում է բազմադարյա պատմությունը, որն անմահացել է մի շարք ընդհանուր ձեռքբերումներով և հաղթանակներով։ Այսօր մեր պարտքն է պահպանել և սերնդեսերունդ փոխանցել մեր երկրների ապագան որոշող այդ իրադարձությունների հիշողությունը», – նշել է Վահրամ Կարապետյանը՝ խորհրդանշական համարելով, որ հուշարձանը բացվել է 1834-ի մայիսի 9-ին, իսկ տասնամյակներ անց՝ 1945-ին, հենց այդ օրը խորհրդային ժողովուրդը համատեղ ջանքերով նոր հաղթանակ է կերտել Հայրենական մեծ պատերազմում ՝ համալրելով սխրանքների ցանկը։
Ողջույնի խոսքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապը ներկայացնող հուշարձանի բացումը արդիական է, քանի որ Հայաստանը վերջին շրջանում ռուսաստանցիների համար առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների եռյակում է։
«Խորհրդանշական և կարևոր է, որ այսօր փոփոխվող իրողությունների պայմաններում մենք ևս մեկ անգամ հիշում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունը և նոր պատրաստակամությամբ քայլում առաջ՝ շարունակելով միասին հաղթահարել բոլոր խոչընդոտները»,– նշել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը կատարել է հոգեհանգստյան կարգ։ Ցուցանակի բացումից հետո կատարվեց ծաղկեդրում և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս մարտիկների հիշատակինը հավերժացնող հուշակոթողին։
Հուշակոթողի տարածքում տեղի ունեցավ նաեւ անվանական ծառատունկ. տնկվեց շուրջ 20 տուա տեսակի ծառ։
1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։ Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում