Մարքեթինգային մեծ կոնֆերանս Երևանում
Նմանատիպ
Հայաստանում մարքեթինգի ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետներին, տնօրեններին, ղեկավարներին, ոլորտով հետաքրքրվող սկսնակներին մեկ հարթակում համախմբելու, փորձառուներին իրենց փորձով կիսվելու, իսկ սկսնակներին փորձ ու գիտելիքներ ստանալու հնարավորություն ստեղծելու համար արդեն 3-րդ անգամ կկայանա Marketing: myth and reality մարքեթինգային մեծ կոնֆերանսը:
Այս անգամ կոնֆերանսին սպասվում է 40 խոսնակ ավելի քան 15 ոլորտից, ինտերակտիվ քննարկումներ` մարքեթինգի, blogging-ի, influencer-ների հետ աշխատանքի, անձնական բրենդ ստեղծելու ու հարակից թեմաների շուրջ:
Կոնֆերանսի կազմակերպիչ, The Business Rover ընկերության համահիմնադիր, մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանի խոսքով՝ Հայաստանում մարքեթինգի ոլորտում կան շատ մարտահրավերներ: Այս ուղղության մեջ Հայաստանը դեռ հասունացման փուլում է: Հայաստանում մարքեթինգի ոլորտում, և ոչ միայն, բացակայում է առողջ քննադատության մթնոլորտը:
«Մենք սովոր չենք առանց վատախոսելու անկեղծ կարծիք արտահայտել ինչ-որ բանի մասին, որը կլինի կառուցողական բնույթի: Առողջ քննադատությունն ամենակարևոր կտորն է մարքեթինգում, ինչու ոչ՝ նաև այլ ոլորտներում: Կարծում եմ կոնֆերանսի շրջանակներում այս ուղղությամբ ևս զարգացում կունենանք»,- ասում է Դանեղյանը:
Կոնֆերանսին կլինեն պանելային քննարկումներ մարքեթինգում ձախողումների, ֆինանսների, բովանդակության ստեղծման, անձնական բրենդինգի, ինֆլյուանսերների, մարքեթինգում կրթության և կարիերայի և այլ թեմաների շուրջ:
Կոնֆերանսը կկայանա ապրիլի 15-ին: MMR2023-ի բանախոսներն են SmartClick AI և ViralMango ընկերությունների համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, Krisp, 10Web ընկերությունների և BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, Renderforest ընկերության համահիմնադիր Նարեկ Սաֆարյանը, TCF, Prelaunch ընկերությունների գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը, reArmenia հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, 4u.am-ի համահիմնադիր Ժենյա Ղազարյանը, մի շարք բլոգերներ, հաղորդավարներ, ոլորտի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի մասին ավելին կարդացեք այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում