Նամուս. Կրծքի խալի պատմությունը և առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը

Նամուս. Կրծքի խալի պատմությունը և առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը

1926-ի այս օրն էր, էկրան բարձրացավ առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ Հայֆիլմի կողմից նկարված:

Սեյրանի և Սուսանի ողբերգական սիրո մասին պատմող ֆիլմը՝ «Նամուս»-ը, հիմնված է Շիրվանզադեի համանուն դրամայի վրա:

Ֆիլմի հաջողությունը կանխատեսելը դժվար էր. այն համր ֆիլմ էր, որը բոլոր կինոսերների քիմքին չէ, որ վայել էր: Բայց եղավ այն, ինչ եղավ: «Նամուս»-ը հատեց ազգայինի սահմանն ու հասարակական հնչեղությամբ պայմանավորված՝ հասավ Մոսկվա: Ֆիլմի մոսկովյան պրեմիերան կայացավ 1926-ի հոկտեմբերի 3-ին՝ լեփ-լեցուն դահլիճում և ոչ միայն ռուս կինոսերների դիտմամբ, որովհետև այստեղ լեզվի իմացության կարիք չկար:

Հայկական գեղարվեստական կինոյի առաջնեկը Համո Բեկնազարյանի առաջնեկն էր նաև հայրենական կինոինդուստրիայում: «Նամուսը» նկարելու գաղափարը Բեկնազարյանի մոտ ծագել է Շիրվանզադեի համանուն դրաման կարդալիս:

Հատված «Նամուս» ֆիլմից

«Կարդալով Շիրվանզադեի վեպը` ես տեսնում էի իմ ապագա ֆիլմըԵս տեսա ֆիլմն ավելի շուտ, քան դերասանները կկանգնեին կինոապարատի առջև»

Ֆիլմի հաջողության մեջ անմասն չեն ոչ միայն այն հայտնի դերասանները (Ֆիլմում թատերական հրաշք աստղաբույլ էր ներգարված՝ Հովհաննես Աբելյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Հասմիկ, Օլգա Մայսուրյան և այլք), որոնց տարածաշրջանում հանդիսատեսը գիտեր թատերական ֆանտաստիկ դերակատարումներից, այլ նաև գլխավոր դերակատարները: Բեկնազարյանը հատուկ էր գլխավոր դերերը վստահել ոչ պրոֆեսիոնալների: Ըստ նրա՝ կինոն թատերական պայմանականություններից անդին է:

Սեյրանի կերպարը մարմնավորում էր հայկական կինեմատոգրաֆիայի առաջին դերասաններից մեկը՝ Սամվել Մկրտչյանը, որի կարիերան հենց այս ֆիլմով էլ սկսվեց: Իսկ Սուսանի դերը կատարում է Մարիա Շահուբաթյան-Տատիևան: Ուշագրավ է, որ նրանց առաջին ֆիլմը, որը ցնցել է հայրենական կինոարտադրության ոլորտը ոչ միայն առաջինը լինելու առումով, դարձավ նրանց հավանաբար վերջին ֆիլմը: Հանրահայտ այլ ֆիլմերի լուսագրերում նրանց անուններն այլևս չեն հանդիպել:

Ի դեպ, հանրության շրջանում բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև ֆիլմի աֆիշան: «Քաղաքով շրջում է բամբասանքը…». ողբերգության պատճառ դարձած կրծքի խալի էկրանավորված պատմությունը կարող եք դիտել ստորև:

Հ.Գ. –  «Նամուսը» ձայն է ստացել 1969-ին, կրկին «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում