Ս.Սաֆարյան. «Բացի ռազմական գործողություններից պետք է նաև քաղաքական քայլեր ձեռնարկել»

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանն անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքականությանը:

Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի տարածաշրջանային այցից՝ Ս.Սաֆարյանը նշել է, որ տարածաշրջանային շահերի առումով ԱՄՆ-ի համար ծանրակշիռ տեղում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, սակայն Հ.Քլինթոնի այցը Հայաստան միայն դրանով չի սահմանափակվել. «Առկա է նաև Իրանի նկատմամբ վերաբերմունքը և տարածաշրջանային երկրների դիրքորոշումը տվյալ հարցին և այլ գործոններ: ԱՄՆ-ն չի կարող անտեսել Հայաստանը, որի աշխարհագրական դիրքը չափազանց կարևոր է վերոհիշյալի առումով»:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանագծում լարված իրավիճակին՝ «Ժառանգության» ներկայացուցիչը տեսակետ է հայտնել, որ իրավիճակն այստեղ երկակի է. Մի կողմից կարծես գործ ունենք մի հարևանի հետ, որի վրա նույնիսկ ԱՄՆ-ը չեն կարողանում ազդել, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի համար այնքան էլ էական չէ այդ այդ ամենը:

«Եվրատեսիլից մինչև դիվերսիաներ Ադրբեջանը փորձում է սեփական հասարակությանն ապացուցել, որ իրենք ի զորու են վերադարձնել Ղարաբաղը, եթե հարձակվեն ու հաղթեն: Բայց միևնույն ժամանակ այս ամենը նաև զոնդաժ է՝ հարկ է ճշտել, թե ինչպե՞ս այդ ամենին կվերաբերվի միջազգային հանրությունը»,- կարծում է Ս.Սաֆարյանը:

Բանախոսը նաև իր մտահոգությունն է հայտնել արտաքին քաղաքականությունում Հայաստանի բացթողումների և ճիշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության կապակցությամբ: Ս.Սաֆարյանի խոսքերով՝ Հայաստանում, բացի մի քանի փորձագետներից, տեղի ունեցածի շուրջ ոչինչ չի խոսվում։

Նա կասկածի տակ է դրել նաև այն քաղաքականությունը, որ արբեջանական կողմի բացած կրակին ուղղակի համապատասխան պատասխան է տրվում. «Այս պարագայում Հայաստանի պատասխանը պետք է ունենա ռազմաքաղաքական մի ամբողջ համալիր և բացի ռազմական գործողություններից պետք է նաև քաղաքական քայլեր ձեռնարկել»,- համոզված է Ս.Մաֆարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում