Շիրվանզադե. «Քաոս»՝ «կյանքի բովից»

Շիրվանզադե. «Քաոս»՝ «կյանքի բովից»

Կար ժամանակ, երբ ներկայիս Ադրբեջանը Ռուսական կայսրության կազմում էր և Ադրբեջան էլ չէր։ Այդ շրջանում այնտեղ իսկական միջազգային կենտրոն էր։ 

Շամախիում հայկական համայնքը շատ մեծ էր: Այնտեղ հայերը զբաղվում էին առևտրով, արհեստներով ու արվեստով: Շամախին հատկապես հայտնի էր գորգագործության ու մետաքսագործության ավանդույթներով: Այս շրջանի բնակչության մեծ մասը Արցախից գաղթածներ էին: Հենց այդ միջավայրում էլ ծնվել ու մեծացել է Ալեքսանդր Մովսիսյանը՝ Շիրվանզադեն:

Կյանքի բերումով նա ստացած կրթությամբ աչքի չի ընկել: Ընտանիքին օգնելու համար կիսատ է թողել ուսումն ու…

«Ես գնում էի մի երկիր, ուր գնում էին շատ-շատերը բախտ որոնելու: Այնտեղ մարդկային մտքի ու ձեռքի աշխատանքը նոր միայն սկսել էր գնահատվել որպես շուկայի ապրանք և հարստահարվել: Ես գնում էի ոչ բախտ որոնելու, ոչ հարստություն ձեռք բերելու և ոչ անուն վաստակելու, այլ մի կտոր հաց շահելու մորս և երկու քույրերիս համար»։

Հենց այսպես Շիրվանզադեն հայտնվեց Բաքվում, ուր «միջավայրը արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:

Բաքվում նա մի շարք ընկերություններում է աշխատել որպես հաշվապահ: Հենց այնտեղ էլ նա առերեսվել է գույնզգույն ու փայլփլուն փաթեթավորմամբ, բայց փտած միջուկով կապիտալիզմի բոլոր դրսևորումներին: Արդյունքում սովորական հաշվապահը դառնում է գրող, որի անունը շուտով պետք է թնդար տարածաշրջանում:

«Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը։ Այստեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին՝ բարեկամի դեմ, եղբորը՝ եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ։ Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստվում են իրարու կոկորդ կրծոտել։ Չկար մի շրջան, ուր մարդ կարողանար կես ժամ ազատ շունչ քաշել…»։

Նրա վեպերում սոցիալական բաղադրիչը կշռարար է: Ինչպես են նավթն ու ոսկին կուրացնում մարդկանց, կոտրում մարդկային արժեհամակարգն ու մարդուն գազան դարձնում: Նա իր «կյանքի բովից»  էլ գիտեր, որ աշխարհն ու մարդու կյանքը այդ խառնակ ժամանակներում, երբ փողը կյանքից առավել է, գրոշի արժեք էլ չունի: 

Նա դա տեսնում էր և՛ Բաքվի նավթահանքերում օր ու գիշեր աշխատող բանվորների տաժանակիր աշխատանքի ու ստացած կոպեկների մեջ, թե՛ այլակարծության համար բանտարկվելու ժամանակ: Մեծ հաշվով՝ Բաքվում ապրելն ու կարծիքի համար Թիֆլիսի Մետեխի բանտում բանտարկվելու ժամանակաշրջանը նրան երկար մտորելու, վերլուծելու հնարավորություն էր:

«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ»։

Հենց այդպես, քաոսի մեջ գրվեց «Քաոս»-ը, որը ռեալիստական հայացք էր ուղղված կապիտալիստական բարքերին: Այն հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն էր գեղարվեստական և գաղափարական առումներով: Իսկ Օդեսայի աքսորավայրում էլ գրվեց «Արտիստը»:

Շիրվանզադեի վեպերից կարելի է զգալ իր ապրած ժամանակների շունչը՝ բարքերը, կարծրատիպերը, կենցաղը և այլն: Սակայն այդ ռեալիստական ու բարձրաշխարհիկ գրականության մեջ չպետք է կորեր գրողի կյանքը, որում նույնպես ամփոփված է ժամանակն իր բոլոր դրսևորումներով: Թեև Շիրվանզադեի բոլոր գործերն էին կյանքի բովից, այնուամենայնիվ, «Կյանքի բովից»-ը հենց իր կյանքն էր՝ դժվար ու հետաքրքիր կյանք՝ հաշվապահից ժողովրդական գրող դառնալու, Թիֆլիսում բանտարկվելու, Օդեսա աքսորվելու, Բաքվում ապրելու մասին և ոչ միայն:

«Բաքուն հափշտակել էր ինձ: Ամբողջ օրերով թափառում էի նրա փողոցներում և ողորմելի պարտեզներում: Ամենից դուրեկանն ինձ համար ծովափն էր: Ժամերով պտտում էի նավամատույցները, դիտում էի լայնատարած ծովը և նրա վրա սփռած անթիվ նավերն ու նավակները: Ամեն ինչ ինձ համար նոր էր, տարօրինակ, գրավիչ և ինչպես մի երազ, նայում էի մեղմիկ սահող մակույկներին, որ կարապների պես լուռ ու մունջ լողում էին դես ու դեն: Նայում էի հեռացող նավերի փքված առագաստներին, և նրանք ինձ հիշեցնում էին ծննդավայրիս թևատարած ուրուրները ջինջ երկնքի վրա: Եվ իմ մտքերը սլանում էին հեռու ու հեռու, անծանոթ երկրներ, ուր մարդիկ մանուկ հասակում մարդկային արյուն չեն տեսնում և ոչ էլ իրանց մերձավորների տառապանքներն ու մահը, ուր ամենքը հավասար երջանիկ են: Պատանեկան մոլի երազներ, որ ապագայում պիտի անողոքաբար խորտակվեին…»։

Երանելի երազանքներ, բայց ոչ այնքան երանելի իրականության մասին էր Շիրվանզադեի կյանքը: Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչը թեև գրել է իր կյանքի մասին, այնուամենայնիվ, նա մի հավատամք ուներ՝ մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա. ծնվելիս նա ոչինչ չգիտի, մեռնելիս նա ամեն ինչ գիտի:

Գոհար Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում