Ինչու Զորավար Անդրանիկն ապտակեց Շիրվանզադեին. մի հանդիպման պատմություն
Նմանատիպ
Ալեքսանդր Շիրվանզադեն իր «Կյանքի բովից» կենսագրական վեպի մի դրվագում պատմում է մի շատ կարևոր հանդիպման մասին մեկ այլ մեծանուն հայի հետ:
«Ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա»:
Այդ մարդը Զորավար Անդրանիկն էր, բայց այդ անախորժության մասին պատմելու ժամանակը իր հուշագրություններում այդպես էլ չեկավ: Փոխարենը քաղաքական-հասարակական գործիչ Ավետիս Թերզիբաշյանն իր «Անդրանիկ» երկում պատմել է Շիրվանզադեի ու Անդրանիկ Օզանյանի հանդիպման մասին, որն ավարտվել է ապտակով: Հավանաբար հենց այդ անախորժ հանդիպումն է նկատի ունեցել Շիրվանզադեն:
«Տարբեր հոսանքի ռուսահայ հայտնի մտավորականներ թշնամական վերաբերմունք ցույց կուտային դեպի այլ տարրը, որ հայ ազատագրության գլխավոր խնդրո առարկա էր և անոր կորիզը կկազմեր: Այդ տարբեր հոսանքներեն հայտնի թատերագիր Շիրվանզադե թույլատրած էր ինքնիրեն ընդվզեցուցիչ կերպով արտահայտվելու՝ ըսելով. «Թուրքերը ինչու՞ չսպանեցին բոլոր թրքահայերը, որպեսզի մի անգամ ընդմիշտ այդ աղտոտութենեն ազատվեինք»: Այս բոլորովին հակամարդկային և նողկանքի արժանի ձաբռտուքին առաջ, ըսված Շիրվանզադեի կողմե, ընդվզում առաջ կբերե Անդրանիկի և ուրիշ ներկա հայերուն մեջ, և Անդրանիկ տեղն ցատկելով կու տա երկու փառավոր ապտակ Շիրվանզադեին…»
Հետո մեծանուն զորավարն ու մեծանուն գրողը հաշտվել են, թե ոչ, չգիտեմ, բայց հաշտության միջնորդության ակնկալիքով Շիրվանզադեն նամակ է գրել ամենայն հայոց բանաստեղծին՝ Հովհաննես Թումանյանին, որում գրել է՝ 40 տարի այդ թշվառ ժողովրդի վշտերով ապրած, բանտարկված, աքսորված ու հալածված լինելով ինչպե՞ս կարող է վիրավորել այդ ժողովրդին:
Բայց ապտակի միջադեպի մեկ այլ վկայություն էլ կա, ըստ որի՝ Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարան են մտնում Զորավար Անդրանիկն ու գրող Վահան Թոթովենցը, որոնք այդ շրջանում խմբագրում էին «Հայաստան» հանդեսը։ Բոլորը հարգանքով լռել են, ապա հարգալից ողջունել զորավարին, և հանկարծ գինովցած Շիրվանզադեն բացականչել է՝ Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…ինչին հետևել է զորավարի՝ գետնին տապալող ապտակը: Դերասան Հովհաննես Աբելյանը, որը Շիրվանզադեի մորաքրոջ տղան էր, ներողություն է խնդրել զորավարից ու կատարվածը պատճառաբանել գրողի հարբածությամբ:
Ի դեպ, Անդրանիկի ափի շառաչուն ապտակը տարբեր ժամանակներում տարբեր առիթներով ստացել են նաև գեներալներ Տրուխինը, Աբացիևը, Ռուբենը, մարշալ Բաղրամյանը, Միկոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում