Էդ.Նալբանդյանը Վիետնամի իր գործընկերոջ հետ խոսել է փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման շուրջ
Նմանատիպ
Հունիսի 8-ին կայացավ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հանոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Նախարարները, շարունակելով ս.թ. փետրվարին մեկնարկած երկխոսությունը, գոհունակությամբ նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը նշանավորվել է երկկողմ համագործակցության համար նշանակալի իրադարձությամբ՝ ՀՀ Նախագահի այցելությամբ, ինչը լավ հնարավորություն է ամենաբարձր մակարդակով քննարկելու և պայմանավորվելու հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման մասին:
Հանդիպմանը հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների ԱԳՆ-ների միջև համագործակցության հաստատման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, միմյանց թեկնածությունների աջակցության շուրջ:
Հայաստանի և Վիետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում