Սրա՞ անունն ինչ եք դնելու
Նմանատիպ
Մինչ մենք հունիսի լույս 4-ի գիշերը Տավուշի մարզի Բերդավան ու Չինարի գյուղերի հենակետերը պաշտպանելիս զոհված մեր երեք զինվորների կորուստն էինք սգում և վիրավորված սպայի ու հինգ զինվորների կյանքի համար անհանգստանում, սկզբում ադրբեջանական, ապա հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններում իրավիճակը չի հանդարտվում:
Կատարվածին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուի տված մեկնաբանության մեջ պարզ զգացվում էր մի վտանգավոր միտում. փորձելով ողբերգության մեղքը բարդել «ներքաղաքական հակասությունների» և «տարբեր խմբերի շահերի» վրա, նա ակնարկում էր հետագայում ևս նման խոշոր սադրանքների հնարավորությունն ու փորձում նախապես արդարացնել դրանք: Եվ այդ «հետագան» եկավ ընդամենը մեկ օր անց՝ հենց հաջորդ գիշեր: Արբեցած զոհված հայ երեք զինծառայողների արյունից ու կուրացած իրենց «հաջողությունից», ադրբեջանական հրամանատարությունն անմիջապես մյուս հետախուզական-խափանարար խումբն ուղարկեց առաջ, այս անգամ՝ Ոսկեպարի սահմանների ուղղությամբ, թերևս մոռանալով, թե քսանմեկ տարի առաջ, ամոթալի «Օղակ» գործողության շաբաթներին, ունենալով անգամ վարձկանների վերածված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների աջակցությունը, այնտեղ ինչպիսի խայտառակ պարտություններ էր կրել:
Բայց խափանարար ստորաբաժանման անձնակազմից քանի՞սը վերադարձան ելման դիրքեր, և քանիսի՞ն քարշ տալով ետ բերեցին «խափանարար-հետախույզները»:
Երբ համադրում ենք Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, իսկույն պարզ է դառնում, որ հունիսի 5-ի լույս գիշերը Ոսկեպարի հենակետերի ուղղությամբ ձեռնարկված հարձակումը հայկական ստորաբաժանումների զգոնության և փոխհամաձայնեցված ու ներդաշնակ գործողությունների արդյունքում հակառակորդին հինգ սպանված ու բազմաթիվ վիրավորներ արժեցավ:
Հայկական ստորաբաժանման հրամանատարի կարգադրությամբ, ելնելով զուտ մարդասիրական սկզբունքներից (չգիտես էլ, տեղի՞ն է «Եկեք ձեր մեռելը քարշ տվեք» դիպուկ, բայց գռեհիկ արտահայտությունը), ջախջախված ստորաբաժանմանը թույլ է տրվել փախչելիս տանել իրենց հինգ դիակներն ու վիրավորներին:
Այդքան բան: Հայաստանի Հանրապետությունը ո՜չ իր երևի առաջին ու ամենահին միջազգային գործընկեր «Կարմիր խաչի» և ո՜չ էլ նույնիսկ մեր «արևելյան հարևան» Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունի:
Իսկ հունիսի 5-ի լույս գիշերն այլևս լուսացել է, մթնելով Ադրբեջանի զինված ուժերի գլխավերևում, եթե, իհարկե, իրենց զինվորների կյանքը նրանց համար թանկ է, եթե, իհարկե, արևի տակ ինչ-որ բան փոխվել է, ու ղարաբաղյան ռազմաճակատներում իրենց զինվորների դիակները թողնող բանակն այս անգամ իր բեռը մինչև վերջ տարել է:
Ուղղակի մի հին ճշմարտություն կա. մարդ երբ անընդհատ ինչ-որ հիմարություն կամ սուտ է ասում ու լսում, հաճախ սկսում է հավատալ դրան: Երևի իրենք էլ Հայաստանում «տարբեր խմբերի շահերի» մասին իրենց հորինած ցածրակարգ ստին էին հավատացել, եկել նոր հարձակման, ու ջախջախվելուց հետո, եթե մարդ լինեն, մեր ստորաբաժանման հրամանատարին ու զինվորներին ամենայն բարիք կցանկանան իրե՜նց կորուստներն իրե՜նց հանձնելու համար:
Բայց այս ամենից զատ, մեկ ուրիշ ճշմարտություն էլ կա. հերոսությունը, խիզախությունը, մարդասիրությունը, ինչպես նաև ցանկացած գործողության տեղեկատվական ապահովումն ու բո՜ւն հողի վրա իրականացվող գործողությունը փոխկապակցված են միմյանց: Եվ թելադրողի դերում միշտ հո՜ղն է:
Ադրբեջանական կողմը 1988 թվականից ի վեր ի՜նչ ասես չարեց ու դրա համար վերջին հաշվով, վճարեց միայն տարածքների կորստով: Այսինքն՝ մեր «արևելյան հարևանը», խճճվելով իր իսկ հորինած ստերի մեջ, վերջին հաշվով այնպես էլ չկարողացավ հողի վրա տարբեր զորատեսակների ու ստորաբաժանումների փոխկապակցված գործողություններ վարել և անգամ իրականացնել դրա տեղեկատվական ապահովումը: Իսկ վերջինիս ասպարեզում, արտադրական լեզվով ասենք, «յուրաքանչյուր խոտան», սկզբում մղելով այսպես ասենք, հերոսության, վերջում անկյունդարձով հարվածում է իրեն: Ու դրա համար էլ եկեք հիշենք, թե հետախուզական-խափանարար խումբն առավելագույնը քանի հոգուց է բաղկացած լինում և հունիսի 5-ի լույս գիշերը հինգ սպանված ու շատ վիրավորներ տված այդ խմբից քանի՞սը հասան իրենց դիրքեր:
«Շփման գիծ» կոչվածը մի տխուր առանձնահատկությունն ունի. երկուստեք կորուստներն անխուսափելի են, ու շահում է ա՜յն կողմը, ում բարձր հրամանատարությունը խուսափում է նման արկածախնդրություններից: Ու նաև կարողանում է ճիշտ հաշվարկել իր ու դիմացինի ուժերն ու միջոցները:
Մեր հակառակորդը որքան նենգ է ու դաժան, նույնքան էլ, այսպես ասենք, «յուրահատուկ» է, ու եթե առաջինը պիտի հաշվի առնենք մենք, ապա երկրորդի մասին երևի Բաքվում իրենք պիտի մտահոգվեն: Ի վերջո, թեև պատերազմի ժամանակ Բաքվի փողոցներից և կամ գերակշիռ չափով լեզգիաբնակ ու թալիշաբնակ շրջաններից իրականացվող զորակոչերին ու սպառվող զորակոչային ռեսուրսն Արցախյան ռազմաճակատներում իրական մահվան բերան ուղարկելու Ադրբեջանի սովորությանը, զինվորները, առավել ևս թուրքական հրահանգիչների մարզած հետախուզական-խափանարար խմբերի մարտիկները փողոցում թափված չեն: Ու գուցե հարձակման հրաման տալուց առաջ պիտի մի քիչ մտածել…
Հակառակորդի վեց թե տասնվեց սպանվածները երբեք չեն մեղմելու մեր երեք զինվորների կորուստը: Ուղղակի, երբ կա շփման գիծ, սուգը բոլորինս է, երեկ մերը, այսօր նրանցը, վաղը… Իսկ այ շփման գծի երկու կողմերում կանգնած բանակների ութ զինծառայողներ Բաքվում կատարված սխալ հաշվարկների պատճառով այլևս երբեք չեն տեսնի, լույսը նրանց համար վաղն այլևս չի բացվի: Իսկ թե ինչո՞ւ, երևի միայն Բաքվում գիտեն…
Համենայն դեպս, հայկական կողմը նման արկածախնդրությունների երբեք չի դիմել, այլ միայն պատասխան է տվել. հակահարված, որի համը դառն է եղել…
Տիգրան Դևրիկյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում