թալեաթ, էնվեր, ջեմալ, «Նեմեսիս». չավարտվող նեմեսիս

թալեաթ, էնվեր, ջեմալ, «Նեմեսիս». չավարտվող նեմեսիս

Հայոց ցեղասպանության իրագործման պարագլուխները հետաքրքիր, բայց նաև հասկանալի զուգադիպությամբ «սպանվել» են 1921-22 թվականներին՝ կայսրության սահմաններից դուրս և ցեղասպանությունից փրկված հայերի ձեռամբ: Ոչ մի ցեղասպան գործողության հրամանատար, և գրեթե ոչ մի դավաճան հայ չի պլստացել արժանապատիվ հայերի ձեռքից: Ոչ մի սահման չի սահմանափակել վրեժի իրականացումը:

15, մարտ, 1921. հենց այդ օրը պետք է վերջ դրվեր դարի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչ ու իրագործող Թալեաթ փաշայի կյանքին:

Շուն թալեաթը փախավ Բեռլին,

Թեհլերյանը հասավ հետքին,

Զարկեց ճակտին, փռեց գետին…

Սողոմոն Թեհլիրյան

Իր հուշերում Սողոմոն Թեհլիրյանը գրել է, որ պատուհանից տեսել է Թալեաթին և գործի անցել…

«Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս…»։

Սողոմոնը սկզբում ձայն է տվել՝ Թալեա՛թ, կասկածվող անձն էլ շրջվել է: Սողոմոնը կրակել է նրա քունքին, ապա հեռացել: Թալեաթ Մեհմեդի «սպանության» դրվագն այսքանով չի ավարտվում: Թեհլիրյանը կասկածել է՝ գործը ավարտին հասցրե՞ց, թե ոչ, և վերադարձել դեպքի վայր, որտեղ հավաքվածները նրան սկսել են հարվածել ձեռնափայտերով: Սողոմոնի արյունոտված շապիկը մինչև օրս պահպանված է:

Սողոմոնի այս հապաղումը, վերադարձը դեպքի վայրը պայմանավորված էր մի  հայ դավաճանի ոչնչացնելու փորձի հետ: Պոլսում նա տեղեկացել էր, որ կոտորված հայ մտավորականների ցուցակը կազմել է Հարություն անունով մի հայ: Հայ վրիժառուն էլ ծանոթների միջոցով տեղեկացել է, որ Հարություն Մկրտչյանի կազմած և ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին հանձնված սև ցուցակը բաղկացած է եղել 250 մտավորականի անունից, որոնցից հազիվ 10-ն է փրկվել: Մոտ երկու շաբաթ հայ դավաճանին հետևել է, բայց նրա տնից ներսուդուրս անող չի եղել․ մի երեկո Թեհլիրյանը տեսել է, որ տանն ինչ-որ հավաքույթ է ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում: Թեհլիրյանն այդ պահին պատուհանից կրակել է ուղիղ դավաճանի սրտին և հեռացել: Հաջորդ օրը պարզվել է՝ դավաճանը չի մահացել, հիվանդանոցում է: Հայ դավաճանը հայ վրիժառուի կրակոցից մահացավ օրեր անց: 

Թալեաթից վրեժ լուծելուց ամիսներ անց դատարանն ազատ է արձակում Սողոմոն Թեհլերյանին, որովհետոև նա մարդ է սպանել, բայց մարդասպան չէ:

2021-ի օգոստոսի 4-ն էր, Օսմանյան կայսրության ռազմական գործերի նախարար Իսմայիլ Էնվերը վրիժառուների ձեռքը չի ընկել, թեև մի հետաքրքիր հանգամանք կա․ ցեղասպանության իրագործումից հետո դարի ոճրագործության կազմակերպիչներն առավել ուշադիր էին դարձել, մշտապես տագնապի զգացում ունեին. գիտեին՝ հայերի ցեղասպանությունը հայերը մարսել չեն թողնի:

«Չես փախչի, արյունարբո՛ւ, քո խղճին իմ ժողովրդի արյունն է»։

Էնվեր փաշան ոչնչացվեց Բուխարայում, որը ներկայիս Տաջիկստանում է: Նա էլ բաժին ընկավ  Կարմիր բանակի հայ հրամանատար արցախցի Հակոբ Մելքումյանին:

«Մենք սպանեցինք ոչ թե իսլամի բանակների գլխավոր հրամանատարին, այլ պարզապես դահիճ Էնվերին: Նրա անձնական կնիքը՝ «Իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, խալիֆի փեսա և Մուհամմեդի տեղապահ». այսպես էր ստորագրում Էնվերը, վերցրի ես, իսկ անձնական Ղուրանը և ոսկեզօծ խալաթը հանձնեցի իշխանություններին…»:

Հարթ չէր նաև Կարմիր բանակի հայազգի հրամանատարի կյանքը: 1937-ի ամռանը նրան ձերբակալում են: 1940-ին էլ, այսպես կոչված «ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտում են գնդակահարության: Վճիռը բողոքարկելուց հետո ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ մահապատիժը փոխարինվում է տասնհինգ տարվա ազատազրկմամբ: Վրիժառու սպան ազատ է արձակվում Ստալինի մահից հետո՝ 1954-ին, իսկ 1 տարի անց արդարացվում է:

Հակոբ Մելքումյան

«Հուլիսի 21-ի երեկոյան ժամը 10-ին Պետրոս Մեծի փողոցում, Եկմալովսկայա և Ժուկովսկայա փողոցների միջև, այդ պահին անհայտ անձանց ձեռքով տեղի է ունեցել Ջեմալ փաշայի, Նուսրետ բեյի, և փաշայի համհարզ Սուրսիա բեյի սպանությունը… Դատավճիռները ի կատար էին ածվել հետևյալ պայմաններում. Ջեմալ փաշան քայլել է Նուսրետ բեյի հետ թևանցուկ, իսկ համհարզը` միայնակ, մի փոքր առաջ ընկած: Ժուկովսկյան փողոցի անկյան դիմաց «անհայտ անձինք»  (ըստ մի քանի ցուցմունքների նրանք երկուսն են եղել), հանկարծ հայտնվելով, կրակահերթ են բացել՝ հավանաբար ինքնաձիգ ատրճանակներից: Ջեմալ Փաշան և Նուսրետ բեյը սպանված ընկել են հենց այնտեղ, որտեղով անցնում էին: Համհարզ Սուրսիա բեյը վազել է դեպի Սոլոլակի, սակայն 50 քայլ էլ չանցած թիկունքին փամփուշտով խոցվելով՝ վայր ընկել»։

Վրացական մամուլի գլխագրերն այդ օրերին Ահմեդ Ջեմալ փաշայի սպանության մասին էին: Ըստ իրավապահների՝ սպանությունն իրականացրել են 2-ը, բայց իրականում՝ 3-ը: Ջեմալին ոչնչացումը Թիֆլիսում իրականացրել են հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը:

Օսմանյան կայսրության ռազմածովային նախարարը, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ ու իրականացնող Ջեմալ փաշային, որին դժանության համար «մսագործ» էին անվանում, հայ վրիժառուները սատկացրել են Թիֆլիսի Պետրոս Մեծի փողոցում, որն այժմ Ինգորոկվա փողոցն է, որտեղ էլ գտնվում է կառավարության շենքը: 2010-ի ապրիլի 5-ին Ինգորոկվա-Չայկովսկի հատման շենքի վրա՝ նախկին պետխորհրդական Անտոն Կորխանյանին պատկանող տան ճակատին, տեղադրվել է Ջեմալ փաշայի հուշատախտակը, որն օրեր անց՝ ապրիլի 17-ին, հայ համայնքի շնորհիվ հանվեց:

Թբիլիսիում հիմա էլ քիչ չեն մարդիկ, ովքեր սերնդեսերունդ փոխանցված պատմություններով լսել են Ջեմալի ոչնչացման մասին: Հայասպան թշնամին երբեք պիտի հանգիստ չունենա, յուրաքանչյուր սպանված հայ պետք է ոսկոր դառնա թշնամու կոկորդին: Ի վերջո հատուցման ժամը գալիս է. հայը երկար ժամանակ ծնկած ու ընկճված մնացող տեսակ չէ:

Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում… Դավաճան հայերի ու արժանապատիվ հայ վրիժառուների մասին դեռ էլի կպատմենք: Գուցե «Նեմեսիս»-ն առժամանակ չկա, բայց նեմեսիս հաստատ լինելու է:

Երբ էլ լինի, ոչ մի ցեղասպան ձեռք ու ոչ մի դավաճան լեզու անկտրել չի մնալու:

Գոհար Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում