Կոմանդոս. «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, իսկ եթե Բաքուն գնա արկածախնդրության, ՀՀ ԶՈւ-ն ի զորու է պատշաճ հակահարված տալ»

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմադոս) այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վստահությունն է հայտնել, որ պատերազմի վերսկսման դեպքում, Հայաստանը կրկին հաղթելու է:

«Սկզբում դժվարություններ կունենանք, բայց չկասկածեք մեր հաղթանակի մեջ: Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, ու եթե նույնիսկ պաշտոնական Բաքուն գնա այդպիսի արկածախնդրության, ապա ՀՀ զինված ուժերն ի զորու են պատշաճ հակահարված տալ հակառակորդին»,- ընդգծել է Կոմանդոսը:

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի իրականացված դիվերսիոն գործողություններին՝ ազատամարտիկը նկատել է, որ պաշտոնական Բաքուն իր այդ քայլով փորձում է միջազգային հանրությանը և մեզ ցույց տալ, որ պատրաստ է պատերազմի. «Անկախ հանգամանքներից՝ վերջին երկու օրերին մենք արժանի հակահարված ենք տվել ադրբեջանցիներին: Եթե նրանք պատրաստ լինեին պատերազմի, վերջին իրադարձություններն առիթ կհանդիսանային՝ պատերազմի վերսկսման համար»:

Իր խոսքում Ա.Տեր-Թադևոսյանը նաև մեջբերել է գերմանացի, փիլիսոփա, զիվորական և ռազմական տեսաբան Կառլ ֆոն Կլաուզևիցի խոսքերն այն մասին, թե պատերազմում հաղթանակ կարող է տանել միայն այն երկիրը, որը խաղաղ ժամանակներում կարողացել է իրագործել «եռամիասնության գաղափարը», այն է՝ միասնական հասարակություն, մարտունակ բանակ և գիտակից ղեկավարություն:

Կոմանդոսը նաև ասել է, որ գոյություն ունեն ռազմական օրենքներ, որոնց համաձայն՝ պատերազմի դեպքում պետք է պատրաստ լինի նախ ժողովուրդը, այնուհետև բանակը և իշխանությունը: Այս եռանկյունին ցանկացած պետության համար հնարավորություն է ընձեռոմ ռազմական գործողություններ սկսել և հաղթել: Ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանը «կաղում է» բոլոր երեք բաղադրիչների տեսանկյունից:

Բանախոսի խոսքերով՝ Ադրբեջանի գլխավոր խնդիրն իր հանրապետությունում ազգային փոքրամասնությունների հարցն է, որոնց իրավունքները պարբերաբար ոտնահարվում են.

«Ադրբեջանում կան երկու տասնյակից ավելի ազգային փոքրամասնություններ, և բոլորին է հայտնի, թե ինչ հարաբերություններ կան իշխանության և նրանց միջև: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Արցախի պատերազմում թեժ կետերում կռվում էին թալիշները և այլ ազգային փոքրամասնություններ: Ադրբեջանցիները թեժ կետերում չէին կռվում»,- շեշտել է գեներալը:

Ա.Տեր-Թադևոսյանը նաև նկատել է, որ միջազգային կառույցներում բարձր են գնահատում հայկական բանակի պատրատվածությունը: Կոմանդոսն իր հերթին բարձր է գնահատել լրատվամիջոցների կատարած աշխատանքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում