Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումը դեպի Ռուսաստան և Բելառուս
Նմանատիպ
Հարավային Կորեան խստացնում է հսկողությունը մի շարք ապրանքների՝ Ռուսաստան և Բելառուս արտահանման նկատմամբ։
Նշվում է, որ Հարավային Կորեայի առևտրի նախարարության հաղորդագրության համաձայն՝ գերատեսչությունը Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս մատակարարումն արգելված ապրանքների ցանկում ավելացրել է ևս 741 անուն ապրանք, որոնք կապված են կիսահաղորդիչների, քիմիական նյութերի, պողպատի, մեքենաների, մեքենաշինության, քվանտային համակարգիչների և այլնի հետ։
Այսպիսով, ապրանքների ընդհանուր թվաքանակը հասել է 798-ի։
Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, այս քայլը ձեռնարկվել է այն մեծ հավանականության պատճառով, որ այդ ապրանքները կօգտագործվեն ներմուծող երկրների կողմից զենքի արտադրության և ռազմական նպատակներով։
Նախարարությունը հավելել է, որ կանցկացնի «բացառիկ դեպքերի» անհատական վերլուծություն, երբ արտահանումը հնարավոր է։
Որոշումն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը՝ ապրիլի 28-ին։
Միևնույն ժամանակ ապրիլի 24-ից Ճապոնիան կրկին, երեք տարվա ընդմիջումից հետո, հայտնվել է Հարավային Կորեայի առևտրային գործընկերների «սպիտակ ցուցակում»։
Սա թույլ կտա Ճապոնիա ռազմավարական ապրանքներ արտահանող ընկերություններին ակնկալել փաստաթղթերի պարզեցված ձևակերպում և թույլտվությունների դիտարկման ավելի կարճ ժամանակաշրջան:
Ճապոնիայի վերադարձով Հարավային Կորեայի վստահելի առևտրային գործընկերների ցանկն ավելացել է` հասնելով 29 երկրի։ Դրանց թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում