«Բժիշկ մահն» ու մահվան իրավունքը. hումանիզմի ու մարդասպանության սահմանագծում
Նմանատիպ
Էֆթանազիա կամ «լավ մահ». այս եզրույթը շրջանառության մեջ է դրվել 16-րդ դարում՝ անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի կողմից: Առաջին հայտնի մարդը, որը էֆթանազիայով է ընդհատել կյանքը, հոգեբան և հոգեբույժ Զիգմունդ Ֆրեյդն էր, որը տառապում էր քաղցկեղով:
Եվրոպական մի շարք երկրներում էֆթանազիան թույլատրելի մահաձև է: Բժշկության մեջ այս մահաձևում ամենամեծ համբավ ունեցողը մեր հայրենակիցն է՝ «բժիշկ մահ» մականվամբ հայտնի Ջեք Գևորգյանը:
Ջեք Գևորգյանը կողմ էր էֆթանազիային: Նա կարծում էր, որ դա լավագույն լուծումն է ապարդյուն բուժման ճիգերի ու տառապանքի պայմաններում: Այսպիսով, ամերիկահայ բժիշկն իր ստեղծած «ինքնասպանության մեքենայի» միջոցով 10 տարում շուրջ 130 հոգու օգնել է ազատվել չբուժվող հիվանդությունների անդիմադրելի ցավերից: Սարքը, որով բժիշկ Ջեքը իրականցնում էր էֆթանազիան, կառավարվում էր հենց պացիենտի կողմից: Նա պարզապես ամրակապում էր հիվանդին սարքին, իսկ հիվանդն անձամբ էր սեղմում «ինքնասպանության մեքենայի» կոճակը, որով մահացու նյութը ներարկվում էր ու վերջ: Բժիշկ Ջեքն այս սարքն անվանում էր «տանատրոն»՝ մահ, իսկ գազի դիմակով մահվան ելքի մեթոդը՝ «մերսիտրոն»: Նրա կատարած առաջին հանրային «ինքնասպանությունը» տեղի ունեցավ 1990 թվականին: Պացիենտ Ժանետ Ադկինսի մոտ հայտնաբերվել էր Ալցհեյմեր:
«Առաջարկում եմ, որ բանտարկյալին մահվան դատապարտեն օրենքով սահմանված կարգով՝ նրա ցանկությամբ, բժշկական փորձարկումներով՝ ամբողջական անզգայացումով, օրենքով նախատեսված ավանդական մեթոդների փոխարեն», – նշել էր Ջեք Գևորգյանը։
Նա պայքարում էր, որ մահապատժից հետո բանտարկյալների օրգանները փոխպատվաստվեն, սակայն բանտի պաշտոնյաները չցանկացան համագործակցել նրա հետ: Գևորգյանը փորձարկել է նոր մահացածներից արյուն փոխպատվաստել հիվանդներին։ Նա կարծում էր, որ ԱՄՆ զինված ուժերը հետաքրքրություն կցուցաբերեն այս փորձարկման վերաբերյալ՝ այն կիրառելով պատերազմի ժամանակ վիրավոր զինվորներին օգնելու համար, սակայն Պենտագոնին սա չհետաքրքրեց:
Բայց երկրի իշխանությունները Ջեք Գևորգյանի պրոֆեսիոնալ տեսակետներին սկսեցին ուշադրություն դարձնել նրա՝ չբուժվող հիվանդությունների ցավերից ձերբազատող արագ, անցավ մահաբերության միջոցին:
Իր գործունեության ընթացքում նա քանիցս զրկվել է պրոֆեսիոնալ գործունեության արտոնագրից, 4 անգամ դատապարտվել: Դատավարությունների շնորհիվ նա վերականգնեց իր համբավը հասարակության շրջանում, իր հիմնավորված ինքնասպանությունների ու էֆթանազիայի դիտարկումների հարցում էլ «վաստակեց» աջակիցների մեծ բանակ: 4 դատավարությունից 3-ն ավարտվել է արդարացման վճռով, իսկ 4-րդի դեպքում բժիշկը որոշեց անձամբ զբաղվել իր պաշտպանությամբ ու ձախողվեց:
1998-ի նոյեմբերի 22-ին Գևորգյանի կողմից տեսագրված և CBS News-ով հեռարձակված՝ էֆթանազիայի կամավոր ենթարկված Թոմաս Յոուքի տեսանյութը ճակատագրական դարձավ բժշկի համար, թեև պացիենտի համաձայնությամբ էր Գևորգյանը կատարել մահաբեր ներարկում։ Յոուքի ընտանիքն այդ մահացու ներարկումը մարդկային արարք էր համարում, բայց այդ արարքի համար Գևորգյանին մեղադրեցին երկրորդ կարգի մարդասպանության մեջ և դատապարտեցին 10 տարի ազատազրկման:
«Ես ուզում եմ բուժել մարդկանց: Բժշկությունը բոլոր մասնագիտություններից ամենաազնիվն է: Բայց երբեմն բժշկությունն այնքան անզոր է: Երբեմն լավագույնը, որ մարդու հետ կարող է լինել, մահն է: Ես չեմ զղջում», – նշել է Ջեք Գևորգյանը։
Գևորգյանը բանտից վաղաժամ ազատվեց լավ վարքի և վատ առողջության հետևանքով: Տևական ժամանակ տառապելով երիկամների ու թոքերի հիվանդություններով, լյարդի քաղցկեղով, նա մահացավ թոքաբորբի հետևանքով առաջացած թրոմբոզից 2011-ին, բայց մինչև այդ՝ 2010-ին, մասնակցեց ֆիլմի պրեմիերային:
2010-ի ապրիլի 24-ին մեծ էկրան բարձրացավ «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը: Կենսագրական դրաման ամենիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանի մասին է, որին ֆիլմում մարմնավորում է Ալ Պաչինոն:
«Նա փող չի աշխատում մահերի հաշվին և իր հիվանդներին չի ընկալում մարդկանց, ում սպանում է: Նա նրանց համարում է մարդիկ, որոնց ցավն ինքը կարող է թեթևացնել» – նշել է Ալ Պաչինոն։
Ջեք Գևորգյանն ունիկալ երևույթ էր: Նա 5 լեզվի էր գերազանց տիրապետում, որոնցից 2-ը՝ ինքնուս, ֆանտաստիկ հետազոտություններ է արել արյունաբանության, արյան փոխներարկման բնագավառներում: Նա խորապես ուսումնասիրել էր և՛ կյանքը, և՛ մահը, և՛ ապրելու ու մեռնելու իրավունքը: Սակայն էֆթանազիայի շուրջ նրա թեորիաներն ու կարծիքը նյարդայնացնում, անհանգստացնում էին մասնագիտական շրջանակներին, «Պապից առավել կաթոլիկ հասարակությանն» ու ԱՄՆ իշխանություններին:
Կյանքին մահվան ծիրից նայող բժիշկը նաև արվեստի ու ջազի մեծ սիրահար էր: Նա նվագում էր ֆլեյտա և երգեհոն, հրաշալի ջազմեն էր: Նույնիսկ 5000 օրինակից թողարկել է «Շատ մեռյալ կյանք» ջազային ձայնասկավառակը: Նա նաև ֆենոմենալ նկարիչ էր: Երբեմն նույնիսկ նկարել է սեփական արյամբ:
Ջեք Գևորգյանը ցեղասպանությունից մազապուրծ փրկվածի որդի է: Ուշագրավ է, որ իր կտավներից մեկն անվանել է «Ցեղասպանություն»: Դրանում պատկերվածը կտրված գլուխ է՝ գերմանացի և թուրք զինծառայողների ձեռքերում բռնված մազափնջով: Ականջներից կախված մի օղը Հայաստանի դրոշն է, մյուսը՝ Դավթի աստղը: Այս կտավում առկա կարմիրը ոչ թե ներկ է, այլ բժշկի արյունը: «Բժիշկ մահի» կտավների զգալի մասն Ամերիկայի հայկական թանգարանում է:
Ամերիկահայ այս բժշկի կյանքն իսկական կինո է: Նրան հավանաբար կհասկանան միայն հիվանդության ցավերից տառապող անհույս մարդիկ, նաև դեպրեսիայով տառապողները: Նա հումանիստ էր, թե մարդասեր, այլևս էական չէ: Փաստ է՝ ապրելու իրավունքը եթե կա, ապա պետք է լինի նաև մահվան իրավունքը: Չէ՞ որ այդ իրավունքն իրացնող ու դրան աջակցող բժիշկներին առողջ ու անհոգ մարդը չի հասկանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում