Ռուսաստանի զինված ուժերը սկսել են օգտագործել T-14 «Արմատա» նորագույն տանկեր

Ռուսաստանի զինված ուժերը սկսել են օգտագործել T-14 «Արմատա» նորագույն տանկեր

Ռուսական զորքերն Ուկրաինայում՝ հատուկ ռազմական գործողության գոտում, սկսել են օգտագործել նորագույն T-14 «Արմատա» տանկեր։ Վերջիններս, սակայն, դեռևս ամբողջությամբ չեն մտել «պատերազմի մեջ», չեն մասնակցել հարձակողական գործողությունների.  T-14-երն այժմ օգտագործվում են «հեռվից»՝ ուկրաինական դիրքերին կրակելու համար։

T-14-երը ռուսական բանակի ապագա հիմնական մարտական ​​տանկերն են, պետք  է փոխարինեն արդիականացված T-72 և T-90 տանկերին։ T-14-երը ստեղծվել են T-95-ի հիմքի վրա։

Նորագույն T-14-երի վրա աշխատանքները սկսվել են 2010 թվականին և շարունակ զարգացվել են՝ ներառելով տեխնոլոգիական նորագույն լուծումներ։ Տանկի անձնակազմին տեսադաշտը հասանելի է մոնիտորների միջոցով, որոնք միացված են սենսորների և տեսախցիկների, կրակի իրականացումը կառավարվում է պլանշետների և հատուկ կառավարման վահանակների միջոցով։

 «Ես վարել եմ T-72-ը և T-90-ը, բայց T-14-ում տանկի զգացողությունն ամբողջությամբ կորել է: Դա նման է տիեզերանավի, որը շրջապատված է մոնիտորներով, որտեղ տեսնում ես ամբողջ տեղեկատվությունը», – նշում է նախագծող ինժեներ Դենիս Մյակենսկին։

T-14-երը համալրված են լրացուցիչ պաշտպանության համակարգերով. ռադիոօպտիկական ռադարների շնորհիվ դեպի տանկի ուղղությամբ թռչող արկերը խոցվում են 15-20 մետր հեռավորության վրա՝ զրահի տակ տեղադրված համապատասխան համակարգերի միջոցով։ Բացի այդ, տանկի զրահի վրա տեղադրված մոդուլները պայթում են, երբ հակառակորդի արձակած խոշոր արկը բախվում է տանկին. պայթյունի հետևանքով արկը ոչնչանում է, իսկ տանկը՝ չի խոցվում։  Տանկի պատրաստված է բազմաշերտ զրահով, որը կարող է դիմակայել 152 մմ հակատանկային կառավարվող հրթիռների հարվածները և դիմանալ մինչև 125 մմ արկերի հարվածներին։

T-14-ի հիմնական սպառազինությունը 125 մմ տրամաչափի թնդանոթն է, որն ունակ է խոցել ութ կիլոմետր հեռահարությամբ թիրախները։ Հրթիռները կառավարվող են։

Այս տանկի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս ստեղծվել է «ցանցակենտրոն» պատերազմների համար և երբեք միայնակ չի մտնում կռվի դաշտ։  Խմբով կռվի նետվելիս (խմբի մեջ կարող են լինել մինչև անգամ ուղղաթիռներ, ավելի ցածր սերնդի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և այլն)՝ վերջիններս կառավարվում են մեկ համակարգից, իսկ անձնակազմերը մշտական «կապի» մեջ են միմյանց հետ։ Թվային կառավարման համակարգի կիրառմամաբ զգալիորեն մեծացած է տանկի գործողությունների արագությունը։

T-14 տանկը կշռում է 48 տոննա, երկարությունը 8732 մմ է (փողով՝ 10800 մմ), լայնությունը՝ 3900 մմ, բարձրությունը՝ 2700 մմ։

T-14 տանկը մշակվել է Ural Design Bureau of Transport Engineering-ի կողմից։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում