Երևանի Օղակաձև այգում բացվեց «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը
Նմանատիպ
Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին մեծ շուքով բացվեց 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը:
Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են:
Հուշարձանի բացմանը ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները:
Արամ Երկանյանի շառավիղներից է լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանը:
Ըստ նրա՝ մենք վրիժառուներին պարտական ենք արժանապատիվ ազգ լինելու համար: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե «Նեմեսիս» գործողությունը չիրականացվեր: Մենք հիվանդ ազգ էինք լինելու, հոգեբանական բարդույթներից տառապող: Ես նրանց հաճախ համեմատում եմ հոգեբույժների հետ: Նրանք թույլ են տվել մեզ արժանապատիվ զգալ: Այս մարդիկ ահաբեկիչներ չեն, այլ իրականացնողն են այն արդար դատավճռի, որը կայացվել էր օրինական իրավական ատյանի կողմից: Ես հավատում եմ, որ այն թուրքը, որը կցանկանա իրեն արժանապատիվ զգալ, պետք է գա, խոնարհվի այս հուշարձանի առաջ և հիշի, որ առաջին երկիրը, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Թուրքիան, որը հետո հեռացել է իր այդ սկզբունքից»,-եզրափակեց Երկանյանը:
Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով հարստացրեց Երևանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Քրիստինա Ոսկանյանն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում