Հայաստանում գարեջրի և մի շարք խմիչքների արտադրությունը կազատվի ծանուցման պահանջից
Նմանատիպ
Գործունեության որոշ տեսակներ Հայաստանում կազատվեն ծանուցման պահանջից:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, իրենց զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն ավելի գրավիչ դարձնելու հանգամանքով: Բացի այդ՝ ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են նաև տարեկան տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:
Ներկայում նախարարությունը 19 գործունեության տեսակի համար ծանուցման գործընթաց է անցկացնում: Նախագծով առաջարկվում է 6 տեսակից հրաժարվել, ևս 6-ը փոփոխել և ավելացնել 1 տեսակ: 6 տեսակները, որոնցից առաջարկվում է հրաժարվել, հետևյալն են՝ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունը, անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությունը, վաճառքը, լիկյորների և մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունը, գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների, մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը և գարեջրի արտադրությունը:
Իսպիրյանը նշել է, որ ծանուցումը չի բերում որակի բարձրացմանը: Նախկինում եղել է «Լիցենզավորման մասին» օրենք, որը ենթադրել է պարզ ու բարդ լիցենզիաներ, փոփոխությունների արդյունքում ներկայում բարդ լիցենզիաները կոչվում են պարզապես լիցենզիաներ, իսկ պարզ լիցենզիաները՝ ծանուցումներ: Ծանուցման գործընթացի մեջ վերահսկողական գործընթացը բացակայում է:
«Որակի վերահսկողությունն այսպես թե այնպես, իրականացվում է այլ մեխանիզմների շնորհիվ: Այսինքն՝ ծանուցումը պարզապես լրացուցիչ բեռ ու բյուրոկրատական քաշքշուկ է տնտեսվարողների համար»,-ասաց փոխնախարարը:
Ավելացվող տեսակը՝ վիսկի, ռոմ, ջին տեսակի թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությունն է:
«Այսպիսով մենք խթանում ենք: Այսինքն՝ սահմանում ենք մեկ միասնական տուրք, այսինքն՝ բոլոր նշված թունդ ալկոհոլային խմիչքներն արտադրելու համար տնտեսվարողը վճարում է մեկ անգամ տուրք և կարող է զբաղվել արտադրությամբ»,-ասել է Իսպիրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում