Խերսոնում դիպուկահարի կրակոցից ուկրաինացի լրագրողը մահացել է, իտալացի լրագրողը՝ վիրավորվել

Խերսոնում դիպուկահարի կրակոցից ուկրաինացի լրագրողը մահացել է, իտալացի լրագրողը՝ վիրավորվել

Ուկրաինացի լրագրող Բոգդան Բիտիկը, որն իտալական La Repubblica թերթի թղթակցին օգնում էր լուսաբանել Ուկրաինայի պատերազմը, մահացել է Խերսոնում։ Նա սպանվել է դիպուկահարի կրակոցից Խերսոնի մատույցներում, իսկ իտալացի լրագրող Կորադո Զունինոն վիրավորվել է ուսի շրջանում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ ըստ La Repubblica-ի տվյալների՝ լրագրողներին դարանակալել են Անտոնովսկի կամրջի մոտ։ Դիպուկահարների կրակոցների պատճառով սպանված լրագրողի դին դեռ չի հաջողվում տարհանել։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ երկու լրագրողներն էլ կրում էին «Մամուլ» (Press) մակագրությամբ զրահաբաճկոններ։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը: Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ իր գերատեսչությունը և Կիևում Իտալիայի դեսպանատունն Ուկրաինայի իշխանությունների հետ աշխատում են Զունինոյին Իտալիա վերադարձնելու ուղղությամբ:

Իր հերթին, Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը հաղորդել է, որ արտասահմանցի լրագրողն անտեսել է ուկրաինացի զինվորականների նախազգուշացումները, ինչի հետևանքով զոհվել է նրա օգնական լրագրողը: Ըստ գերատեսչության՝ Զունինոն, որպես խմբի ղեկավար, պետք է հետևեր, որ իր խմբի անդամը ոչ միայն կրեր «Մամուլ» մակագրությամբ բաճկոն, այլ այդ բաճկոնը պետք է ներսից զրահապատ լիներ: Սակայն իտալացի լրագրողը խախտել է կանոնները: Բացի այդ, կենտրոնը նշում է, որ իտալացի լրագրողն իր աշխատանքի մասին չի հայտնել քաղաքում այդ հարցերով պատասխանատու աշխատակիցներին և անտեսել է ուկրաինացի զինվորականների նախազգուշական բացականչությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում