Ե՞րբ հնարավոր կլինի Վրաստանի սահմանը հատել միայն ID քարտով
Նմանատիպ
Համաձայնագիրը, ըստ որի` Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան պետական սահմանը հատել էլեկտրոնային նույնականացման քարտերով, դեռևս ուժի մեջ չի մտել: Պատճառը ներպետական ընթացակարգերն են, որոնք հայկական կողմը դեռ չի ավարտել։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով լրատվամիջոցի գրավոր հարցմանը։
Հայաստանի հետ սահմանը հատելու գործընթացի պարզեցման ընթացակարգերը երկու երկրների քաղաքացիների համար Վրաստանն ավարտել է դեռևս 2023 թվականի հունվարին՝ Հայաստանի և Վրաստանի միջև երկու երկրների քաղաքացիների առանց վիզայի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրի ստորագրումից 15 օր անց։
«Վրաստանի կողմից ստացել ենք ծանուցում առ այն, որ ավարտել են իրենց օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը», – տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև պարզաբանում է, որ քաղաքացիները կկարողանան միջպետական սահմանը անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերով հատել միայն համապատասխան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Այժմ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը ներպետական ընթացակարգեր է անցնում Հայաստանում:
Կառավարությունը համաձայնագիրը Սահմանադրական դատարան է ուղարկել, որպեսզի որոշվի` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են արդյոք Սահմանադրությանը։
ԱԳՆ–ից ընդգծել են, որ երբ համաձայնագիրն ուժի մեջ մտնի, կհրապարակվի գերատեսչության կայքում: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու պետությունների քաղաքացիները կարող են համապատասխանաբար այցելել Հայաստան և Վրաստան նույնականացման քարտերով` ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում