Աբդուլ Համիդ 2-րդ. «Նորին արյունոտ մեծություն» սուլթանը
Նմանատիպ
Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ. պատմության ամենադաժան պերսոնաժներից այս մեկը գահին բազմեց Օսմանյան կայսրության խառնակ ժամանակներում՝ պալատական հեղաշրջմամբ։ Սկզբում նա «փափուկ» առաջնորդ էր, փորձում էր շահել նոր օսմանների և Եվրոպայի վստահությունն ու աջակցությունը, բայց թե ինչ «զուլում» էր դառնալու օսմանահայերի գլխին, պատկերացնելի չէր:
Սկզբում նա Միդհաթ փաշայի, հայազգի Գրիգոր Օտյանի և ուրիշների գրած սահմանադրությունը հռչակեց, բարեփոխումների պատրաստակամություն հայտնեց, բայց սա ձևական էր: Նա լուծարեց խորհրդարանը, միահեծան վարչակարգի անցավ: Ճնշեց հայերի, բուլղարների, արաբների, մակեդոնացիների ազատագրական շարժման փորձերը, մտցրեց գրաքննություն:
Օսմանյան կայսրության համար ծանր ժամանակներ էին, կորցրել էին եվրոպական իշխանությունը և տարածաշրջանում նոր տարածքներ չկորցնելու համար հենց կառավարման առաջին տարում Սուլթան Համիդ 2-րդը բնաջնջեց ավելի քան 300 հազար հայի, 100 հազարին բռնի մահմեդականացրեց, Արևմտյան Հայաստանի շատ բնակավայրեր ամայացրեց:
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է հենց Համիդ 2-րդի կառավարման շրջանում: Բացառիկ դաժանության ու արյունռուշտ քաղաքականության համար նա ստացել է «Կարմիր սուլթան» մականունը:
Ուշագրավ է, որ այս և մյուս այսօրինակ բնորոշումները սուլթանին տվել է ֆրանսիացի փիլիսոփա և գրական գործիչ Պիեռ Քիառը: Այս մասին ասված է Համիդի հուշագրություններում: Բայց Համիդի մեկնաբանությամբ՝ եվրոպացի մտավորականը Ստամբուլ էր եկել չարություն, երկպառակություն քարոզելու:
«Կարմիր կենդանի», «մեծ մարդասպան», «կարմիր գազան», «նորին արյունոտ մեծություն», «մարդկային կերպարանք ունեցող հրեշավոր գազան»…այս և այլ բնորոշումների Համիդ 2-րդն արժանացել է հայերի ու մյուս քրիստոնյաների նկատմամբ դաժան հաշվեհարդարների, ջարդերի համար:
Թեև Օսմանյան կայսրության բացառիկ դաժանությամբ աչքի ընկնող այս առաջնորդն իր հուշերում գրել է, որ հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել օսմանյան քաղաքակրթությանը մատուցած ծառայություններով և հավատարմությամբ, այնուամենայնիվ, նրա կարծիքը հայերի մասին ամենևին էական չէ, երբ հենց նրա իշխանության ժամանակ սկսվեց հայոց ցեղասպանությունը, որն իր պիկին պիտի հասներ երիտթուրքերի օրոք:
Հեղաշրջմամբ իշխանության եկած սուլթանը հեղաշրջմամբ էլ կորցրեց իշխանությունը՝ այն զիջելով մեկ այլ արյուրաբու ու հայատյաց թիմի:
Այնպես չէր, թե հայերը ջարդերն ու ստորացումները բաց կրծքով էին ընդունում: Հային կարելի է սպանել, բայց նրա ազգային արժանապատվությունն ընկճել հնարավոր չէ: 1905-ի հուլիսի 21-ին հայ վրիժառուները փորձել են սպանել սուլթանին: Դեպքը կոչվել էր «Եըլտըզի մահափորձ», քանի որ այն պետք է իրականացվեր Ստամբուլի Եըլտիզ մզկիթում։
Այդուհանդերձ, դաշնակները չեն հաջողել, իսկ երիտթուրքերի հեղաշրջմամբ իշխանությունը կորցրած Համիդ 2-րդն արտաքսվել է ու մահացել բանտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում