Մամուլն այսօր. Քննարկումներ կառավարական ծրագրի և սահմանին տիրող իրավիճակի մասին

Հետընտրական զարգացումներ.

Ըստ «Հրապարակ» թերթի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև «երկաթյա» պայմանավորվածություն կա, որ միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը և «այլ պաշտոնական անձինք» պահպանելու են պորտֆելները’ մինչև Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը’ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նրա թեկնածությունը: «Դրանով պետք է բացատրել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը Սերժ Սարգսյանին Տոկիո ճանապարհողների թվում և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը: Սա մեզանում նորություն չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո նույն կերպ եղավ նաև Դաշնակցության հետ. ՀՅԴ-ին մնացին առանցքային պորտֆելներ ոչ միայն կրթության, անտառտնտեսության, այլև մի շարք այլ ոլորտներում»,- հիշեցնում է թերթը:

«Երկիր» օրաթերթը գրում է, որ երեկ վարչապետի հրավերով ԱԺ ՀՅ Դաշնակցության խմբակցությունը հանդիպում է ունեցել կառավարությունում, ֆրակցիայից հանդիպմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը և Արմեն Բաբայանը: Վարչապետից բացի, հանդիպմանը մասնակցել էին իր թիմի անդամներ էկոնիմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են արտահանմանն ուղղված ռազմավարությանը, սոցիալական և գյուղատնտեսության ոլորտում կատարվելիք քայլերին: «Իհարկե, վարչապետի ներկայացրածը շատ համառոտ դրույթներ էին, բայց, իմ տպավորությամբ, նոր բան չկար, կառավարությունը պատրաստվում է շարունակել իր որդեգրած քաղաքականությունը»,- ասել է պարոն Վարդանյանը: Նա տեղեկացրել է նաև, որ վարչապետն ասել է, թե մանրամասն ծանոթացել է Դաշնակցության նախընտրական ծրագրին և կարծում է, որ այնտեղ կան դրույթներ, որոնք իրենց համար ընդունելի են: «Սակայն մենք շեշտեցինք, որ բովանդակային քննարկում չենք պատրաստվում ծավալել: Դաշնակցության նախընտրական ծրագիրն ամբողջական փաստաթուղթ է և հնարավոր չէ առանձին ինչ-որ մասերի մասին խոսել»,- ասել է Վարդանյանը հավելելով, որ իրենք առաջարկել են վարչապետին հնարավոր սեղմ ժամկետում խմբակցությանը տրամադրել կառավարության ծրագրի նախագիծը’ ծանոթանալու նպատակով: Վերջնական դիրքրոշումը ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ն’ որպես ընդդիմադիր խմբակցություն, կհայտնի խորհրդարանական քննարկումների ժամանակ:

Սահմանում տիրող իրավիճակի և նախաձեռնվող գործողությունների մասին.

Երեկ կեսգիշերից հետո «Հայկական ժամանակ» թերթը տեղեկություն է ստացել, որ ինտենսիվ կրակահերթեր են լսվում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտուց’ հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի տարածաշրջանում: Ըստ թերթի հավաստի տեղեկությունների, կիրառվել են նաև խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում’ գնդացիր: Լրացուցիչ տեղեկություններ չի հաջողվել պարզել:

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին զբաղված է տարիների ընթացքում ծառայության չմեկնած տղաների հավաքագրումով: Ըստ թերթի աղբյուրների’ ՊՆ-ն կրկին հետազոտության է կանչում բոլոր այն երիտասարդներին, որոնք ժամանակին բժշկական զննություն են անցել, և պարզվել է, որ ի վիճակի չեն բանակ զորակոչվել: Թերթը տեղեկացել է նաև, որ ՊՆ են կանչվում այն մարդիկ, որոնք ժամանակին գումար են տվել ու հետաձգել ծառայությունը հայոց բանակում: Իսկ նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում գումար տալ, որպեսզի ազատվեն զորակոչից, ՊՆ-ն կտրականապես մերժում է: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ ժամանակավոր մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանից, որն ասել է, թե ինքը նման դեպքերի ծանոթ չէ. «Եթե կոնկրետ դեպք գիտեք, ներկայացրե՛ք մեզ»: Թերթը նշում է, որ դեպքը մեկը չէ, այս օրերին բազում այսպիսի ահազանգեր են ստացել:

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, երեկ երեկոյան Արմավիրի մարզում օպերատիվ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հարյուրից ավելի հայտնի մարդիկ: Ասում են, հավաքի մասնակիցների կազմում են եղել բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, ինչպես նաև ռազմական փորձագետներ ու Արցախյան հերոսամարտի մասնակիցներ: Ըստ լուրերի, հավաքվածների մեջ են եղել մասնավորապես ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), գեներալ Սեյրան Սարոյանը, պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արցախի պաշտպանության բանակի որոշ հրամանատարներ և այլք: Հանդիպման ընթացքում ներկաները փորձել են վերլուծել և հասկանալ, թե ո՞րն է ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողությունների պատճառը, և եկել են այն եզրահանգման, որ այս ամենի մեջ իր լրջագույն թերություններն ու բացթողումներն ունի նաև հայկական կողմը: Ասում են, բարձրաստիճան գեներալները համոզմունք են հայտնել այն առթիվ, որ հակառակորդին իսկապես պետք է շատ կոշտ ու կոպիտ պատասխան տալ, ընդ որում, ոչ թե մասնակի, այլ լայնածավալ մասշտաբով, որպեսզի նա իր տեղն իմանա:

Իսկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջին զարգացումներին շփման գծում’ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասել է. «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն այսօր Ադրբեջանին մղում է շատ վտանգավոր արկածախնդրության: Ադրբեջանը ցանկանում է ցանցից իր համար դուրս բերել «ոսկե ձկնիկ»’ ԼՂՀ-ն, ինչը ոչ իրատեսական հեռանկար է: Ասրված մի արասցե, բայց եթե ռազմական գործողություններ սկսվեն, ոչ ոք չի կարող երաշխավորել դրանց արդյունքը և այն, թե նրանք, ովքեր հրահրել են հակամարտությունը, ինչպիսի որոշումներ կարող են ընդունել դրա ավարտին»:

Զարմանազան.

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ ԱԺ ընտրություններից առաջ ԲՀԿ-ն բավական ուշագրավ խոստում տվեց. նրանք պատվիրել էին մոտ 2000 տեսախցիկ՝ ընտրությունների ողջ օրը տեղամասերում նկարահանումներ իրականացնելու, նաև այդպես ընտրակեղծիքների դեմն առնելու համար: Եվ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ընտրությունների օրը ԲՀԿ-ականների տեսախցիկները գործել են միայն այն ժամանակ, երբ «իրենց մարդիկ» են եկել քվեարկության: Այդպես ԲՀԿ-ն սահմանել է որոշակի վերահսկողություն իր բաժանած ընտրակաշառքով ընտրությունների եկածների նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի վերահսկել իրենց քվեները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում