Ինչպե՞ս կայացավ վաշինգտոնյան ֆորմատը. Միզրոյան-Բայրամով հանդիպմանն ընդառաջ
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատանքային այցով մեկնել են ԱՄՆ։
Միացյալ նահանգներում նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև «խաղաղության համաձայնագրի» նախագծի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլի անցկացումը։
Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման շեմին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Ինչպես նշվում է Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրություններում, Բլինքենը վստահ է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են։ Պաշտոնական Վաշինգտոնն ընդգծում է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը՝ խոստանալով այդ հարցում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։
Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Բլինքենը երախտագիտությունն է հայտնել խաղաղ գործընթացին ՀՀ վարչապետի «անփոփոխ հավատարմության համար»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բլինքենի զրույցը նույնքան լավատեսական չէր։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Բլինքենը Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքում անցագրային կետ տեղադրելու կապակցությամբ՝ նշելով, որ այդկերպ Ադրբեջանը խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վստահություն հաստատելու փորձերը։ Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքը կոմերցիոն և մասնավոր տրանսպորտի համար հնարավորինս շուտ բացելու կարևորությունը։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման նախապատրաստման աշխատանքներում ակտիվ ներգրավված էր ռուսական կողմը։
Այսպես, ապրիլի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Նման հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կոնկրետ օրը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել էր նա։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այս լուրը հաստատել էին, սակայն առանց նշելու, թե կոնկրետ որտեղ է լինելու հանդիպումը։ Նույն օրը՝ ապրիլի 27-ին, Associated Press-ի թղթակիցը տեղեկատվության արտահոսքի տեսքով հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ոչ թե Մոսկվայում, այլ Վաշինգտոնում։ Երկու օր անց այս լուրը հաստատվել է։ Նշենք, որ ռուսական կողմը դեռևս որևէ կերպ չի արձագանքել ԱՄՆ-ում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպման փաստին։
Հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի վերջին պլանավորված հանդիպումը, որը պետք է անցկացվեր 2022թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, չի կայացել, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարվել էր մասնակցությունից՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից փակումը։ Սակայն հիմա, երբ Լաչինի միջանցքը պաշտոնապես է փակվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, Արարատ Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպելու մտքից չի հրաժարվում և այդ նպատակով արդեն մեկնել է ԱՄՆ։
Ադրբեջանական մամուլը գրում է, որ Բայրամով-Միրզոյան հանդիպումը կարող է նույնիսկ մի քանի օր տևել։ Նշվում է, որ նպատակն այսպես կոչված խաղաղության պայմանագրի բոլոր պարամետրերի վերջնական հստակեցումն է, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Արևմուտքի միջնորդությամբ, պետք է ստորագրեն այդ փաստաթուղթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում