Բաքուն ու Երևանը քննարկել են երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը. պետքարտուղարություն
Նմանատիպ
Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները մանրամասներ են հաղորդել բանակցություններից: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնեցին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները: Քննարկումները կողմերի միջև, որոնք մեկնարկել են այսօր առավոտյան, ընթանում են կառուցողական, հայտնել է պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:
Ըստ բարձրաստիճան դիվանագետների՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հասնելու համար, որին նպաստում է Վաշինգտոնը:
Բանակցություններն ընթանում են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Այսօր առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հյուրընկալել էր արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ նախ առանձին կարճ հանդիպումների, իսկ այնուհետև եռակողմ քննարկումների ձևաչափով:
Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Բոնոյի խոսքով՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին, որը Բոնոն որակում է շատ բարդ և համապարփակ: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Բոնոն նշում է, որ ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Սա բարդ գործընթաց է և համապարփակ, որի շրջանակում քննարկվում են բոլոր հարցերն, ասում է նա։
Պետքարտուղաության ներկայացուցչի խոսքերով՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավուքներին ու անվտանգությանը:
Լաչինի միջանցքի մասին խոսելիս՝ ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը նաև հույս է հայտնել, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում «անմիջական և անկեղծ» քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար: Հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին և պատիվ ունենք հյուրընկալելու այստեղ կարևոր այս երկխոսությունը, որը կարող է շարունակվել, ընդգծել է փոխպետքարտուղարի տեղակալը՝ կարևորելով բանակցությունների շարունակական բնույթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում