Yerevan
10
+13°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Վաշինգտոնյան բանակցությունների բացահայտումները

Վաշինգտոնյան բանակցությունների բացահայտումները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախօրեին կայացել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան՝ այսպես կոչված վաշինգտոնյան բանակցությունների առաջին փուլը։ 

Եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ հանդիպել է Հայաստանի, ապա նաև Ադրբեջանի իր գործընկերների հետ։ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը կես ժամ էր տրամադրել, իսկ Ջեյհուն Բայրամովին՝ 45 րոպե։

Երկու հանդիպումներից հետո թե՛ ԱՄՆ և թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունները կարճ տեղեկություններ են հաղորդել այն մասին, որ առանձնազրույցների ընթացքում կողմերը խոսել են մեր տարածաշրջանում առկա խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիների մասին։

Այսպես, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Բլինքեն-Միրզոյան հանդիպման ընթացքում «քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բառացիորեն գրեթե նույն տեքստն է հրապարակել նաև Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանի գերատեսչությունը նախընտրել է չմանրամասնել բանակցությունների բովանդակությունը։

Մինչդեռ երկրորդ այս հանդիպման մասին ամերկացի դիվանագետները շատ ավելի հետաքրքիր ու բովանդակային տեղեկություններ են հաղորդել լրատվամիջոցներին։

Ինչպես հայտնել է «Ամերիկայի ձայնը» (ի դեպ, նյութը հետո  հեռացվել է «Ամերիկայի ձայնի» կայքէջից – խմբ.), Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները լրատվամիջոցներին տրված հեռախոսային մեկանաբանության մեջ ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում ոչ թե մեկ, այլ իրար հաջորդող մի քանի հանդիպումներ են ունենալու Վաշինգտոնում։ Այս մասին որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ տեղեկացրել էին, սակայն ամերիկացի դիվանագետները փաստորեն հաստատեցին մամուլում տարածված այդ լուրը։

«Քննարկումները կողմերի միջև, որոնք մեկնարկել են այսօր առավոտյան, ընթանում են կառուցողական», – նախօրեին հայտնել է պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Բոնոյի խոսքով՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին, որը Բոնոն որակում է շատ բարդ և համապարփակ: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Բոնոն նշում է, որ «ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Սա բարդ գործընթաց է և համապարփակ, որի շրջանակում քննարկվում են բոլոր հարցերն», – ասում է ամերիկացի դիվանագետը։

Լուիս Բոնոյի վերոնշյալ խոսքում նորություն է Հայաստանի և Ադրբեջանի «հավաքական անվտանգության» մասին թեզը։ Թե ի՞նչ նկատի ունի ամերկյան կողմը «հավաքական անվտանգություն» ասելով՝ մնում է գուշակել։ Նշենք միայն, որ այդ խոսքերից առաջ Բոնոն ասել է, որ «Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ»: Կրկին, անհրաժեշտ է նշել, որ Մոսկվայի հիշատակված «բացասական արձագանքը», եթե նույնիսկ եղել է, ապա ոչ հանրային դաշտում և սա նույնպես կարելի է դասել վաշինգտոնյան բանակցությունների բացահայտումների շարքին։

Հաջորդ կարևոր կետը, որի մասին ըստ «Ամերիկայի ձայնի» խոսել են Պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետները, այն է, թե համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկը վերաբերվում է «երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավուքներին ու անվտանգությանը»:

Լուիս Բոնոյի այս ձևակերպումը վաշինգտոնյան բանակցությունների վերաբրեյալ առնվազն երկու կարևոր հանգամանք է բացահայտում։ Նախ, որ Արցախի խնդիրն այդ բանակցություններում քննարկվում է որպես Ադրբեջանի ներքին հարց, իսկ արցախահայերը՝ որպես էթնիկ փոքրամասնություն։ Եվ երկրորդ, որ ադրբեջանական կողմին ինչ-որ կերպ հաջողվել է օրակարգ բերել նաև Հայաստանի էթնիկ փոքրամասնություններին վերաբերող հարցեր՝ հնարավոր է, այդկերպ հող նախապատրաստելով ՀՀ տարածքում ադրբեջանցիներ բնակեցնելու համար։

Բոլոր այս հանգամանքները խոսում են այն մասին, որ Վաշինգտոնում մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցային շրջափուլում գերիշխող է Ադրբեջանի դիրքորոշումը։ Բացառություն է, թերևս, Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրը։ Ըստ «Ամերիկայի ձայնի», Լաչինի միջանցքի մասին խոսելիս՝ ամերիկյան կողմը վերահաստատել է, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում