Անշարժ գույքը Երևանում շարունակում է թանկանալ

Անշարժ գույքը Երևանում շարունակում է թանկանալ

Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքներն աճել են ու այս տարվա առաջին եռամսյակում կազմել 49 395 գործարք:

Տվյալները հասանելի են Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվությունից։ Ուշագրավ է, որ ըստ այդ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Երևանում գործարքների թիվը նվազել է 6,4 տոկոսով, բայց էականորեն աճել Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։

Երևանում առքուվաճառքի գործարքները նվազել են 26,1 տոկոսով՝ հատկապես Դավթաշեն, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Մայրաքաղաքում նվազել են ինչպես բնակարանների հետ կապված առքուվաճառքի դեպքերը, այնպես էլ առանձնատների, արտադրական նշանակության շինությունների, հողերի, ավտոտնակների առքուվաճառքի գործարքները։ Այս ամենով հանդերձ՝ Երևանը շարունակում է մնալ բնակարանների առքուվաճառքի հիմնական ուղղությունը (բնակարանների առքուվաճառքի գործարքների 60,6 տոկոսը եղել է Երևանում): Բնակարանների 1 քառակուսի մետրի միջին գինը շարունակում է Երևանում աճել ու նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այն ունի հետևյալ տեսքը

Կենտրոնում 1 քմ միջին արժեքը 796 200 դրամ, աճը՝ 14,3 տոկոս

Արաբկիրում 1 քմ միջին արժեքը 556 200 դրամ, աճը՝ 12,8 տոկոս

Քանաքեռ-Զեյթունում 1 քմ միջին արժեքը՝ 392 700 դրամ, աճը՝ 8 տոկոս

Նոր-Նորքում 1 քմ միջին արժեքը՝ 336 000 դրամ, աճը՝ 7,8 տոկոս

Էրեբունիում 1 քմ միջին արժեքը՝ 348 500 դրամ, աճը՝ 10,1 տոկոս

Շենգավիթում 1 քմ միջին արժեքը՝ 350 200 դրամ, աճը՝ 7,9 տոկոս

Դավթաշենում 1 քմ միջին արժեքը՝ 406 100 դրամ, աճը՝ 13 տոկոս

Աջափնյակում 1 քմ միջին արժեքը՝ 364 500 դրամ, աճը՝ 8,9 տոկոս

Մալաթիա-Սեբաստիայում 1 քմ միջին արժեքը՝ 352 000 դրամ, աճը՝ 11 տոկոս

Ավանում 1 քմ միջին արժեքը՝ 348 600 դրամ, աճը՝ 1,7 տոկոս

Նուբարաշենում 1 քմ միջին արժեքը՝ 206 000 դրամ, աճը՝ 0,8 տոկոս

Ընդհանուր առմամբ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ բնակարանների գները աճել են 10,6 տոկոսով։ Մարզերում բնակարանների 1 քառակուսի մետրի գինը ևս աճի միտում ունի։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ էական աճ է գրանցվել բնակարանների 1 քմ-ի համար Էջմիածնում, Մեծամորում, Գավառում, Չարենցավանում, Կապանում։ Մարզային քաղաքներում բնակարանների 1 քմ-ի գինը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ աճել է 14,7 տոկոսով։

Հողերի գործարքներ

Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում գրանցվել է հողերի առքուվաճառքի 5 040 գործարք։ Սա շուրջ 1 տոկոսով պակաս է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ամենաշատը հողերի առքուվաճառք եղել է Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Արագածոտնում (Արագածոտնում հողերի առքուվաճառքն աճել է մոտ 56 տոկոսով): Մոտ 2,5 անգամ հողերի առքուվաճառք շատ է եղել Սյունիքում։ Երևանում մոտ 30 տոկոսով հողի առքուվաճառքը նվազել է։

Ըստ Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության տվյալների՝ Երևանում 162 միավոր բնակելի կառուցապատման հողի առքուվաճառքի գործարք է կայացել, 53 միավոր՝ հասարակական կառուցապատման հողի, 42 միավոր՝ հասարակական նշանակության հողի։ Երևանում հողերի առավել մեծ տոկոսաչափ վաճառվել է Մալաթիա-Սեբաստիայում ու Էրեբունիում։

Մարզերում գրանցվել է հողերի վաճառքի 4 779 գործարք, որը 3,3 տոկոսով ցածր է 2022-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։ Հողերի պայմանագրային գների 1 քմ-ի գինը հիմնականում աճել է՝ բացառությամբ Աշտարակի, Ապարանի, Գորիսի, Մեղրիի։ Հողերի արժեքը էականորեն բարձրացել է Դիլիջանում, Գյումրիում, Վարդենիսում։

Վարձակալության գործարքներ

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում վարձակալության գործարքների 55 տոկոսից ավելը կայացել է Երևանում։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ Երևանում վարձակալության գործարքներն աճել են 21 տոկոսով։ Մոտ 81 տոկոսով վարձակալության գործարքներն աճել են Արագածոտնում, 3,6 անգամ՝ Գեղարքունիքում և Վայոց ձորում։ Հիմնականում այդ գործարքները վերաբերում են հասարակական նշանակության շինություններին, հողերին ու բնակարաններին։

Երևանում վարձակալության գործարքներն աճել են Արաբկիրում (25,1 տոկոս), Կենտրոնում (34,2 տոկոս), Ավանում (25 տոկոս), Քանաքեռ-Զեյթունում (45,2 տոկոս):

Ավելին կարող եք կարդալ այստեղ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում