Շփման գիծ, թե՞ պետական սահման

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են մնալ հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սակայն միշտ չէ, որ իրադարձությունների լուսաբանումն արտահայտում է սահմանում տիրող իրավիճակը:

Ավելին՝ հայկական լրագրողների բացարձակ մեծամասնությանը հետաքրքրում է ոչ թե հաղորդվող տեղեկատվության ճշմարտացիությունն ու իսկությունը, այլ, այսպես կոչված, օպերատիվությունն ու նյութի սենսացիոն բնույթը: Արդյունքում՝ մամուլում հայտնված նյութերն ավելնորդ խուճապի և ասեկոսեների տեղիք են տալիս, ինչը, իհարկե, կարող է հասարակության լարվածության ներկայիս աստիճանին ավելնորդ բացասական որակներ հաղորդել:

Բայց հասարակության հանդեպ լրատվամիջոցների մեղքն այսքանով, ցավոք, չի սահմանափակվում: Գոյություն ունի ևս մեկ խնդիր, որը պետք է պահել ուշադրության կենտրոնում: Խոսքս վերաբերվում է այն տերմիններին, որոնք օգտագործում են մեր լրագրողները: Չգիտես ինչու, նրանք որոշել են, որ Հայաստանի Հանրապետեության և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, իսկ Արցախի և Ադրբեջանի միջև՝ շփման գիծ: Ընդ որում, եթե մեկ-երկու տարի առաջ հստակ սահմանազատում չկար, ապա ներկայումս լրագրողներն անընդհատ ընդգծում են այդ եզրերը: Ինչու՞:

Միթե՞ պարզ չէ, որ նման տերմինաբանությունը ոչ այլ ինչ է, քան թշնամու քարոզչության հետևանք: Միթե՞ մեր լրագրողներն այդպես էլ չհասկացան, որ Արցախի Հանրապետությունն անկախ, ինքնիշխան և ինքնաբավ պետություն է, որը ունի պետական սահմաններ:

Նման օրինակներ, իհարկե, կարելի է շատ բերել : Թերևս ավելնորդ չի լինի ամեն անգամ նշել մեր լրատվամիջոցների բացթողումներն ու փորձել շտկել դրանք: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել թշնամու դեմ միասնական ռազմական, տեղեկատվական, քաղաքական ճամբար ձևավորելու մասին: Իսկ հիմա, ցավոք, պետք է փաստել, որ մեր երկրի տեղեկատվական անվտանգության խնդիրը մնում է չլուծված:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում