Մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա ուղիղ չվերթներ Wizz Air-ի հետ

Նմանատիպ
Wizz Air ավիաընկերությունը հունիսի 26-ից կմեկնարկի Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը:
Այս մասին մայիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Wizz Air ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Վալերիա Բրագարենկոն։
Ըստ նրա՝ դեպի Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:
«Ապրիլի 30-ից ավիաընկերությունը սկսել է իրականացնել Սոֆիա-Երևան-Սոֆիա, ինչպես նաև Դորտմունդ-Երևան-Դորտմունդ չվերթը։ Նոր ուղղությունների բացումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Օգտագործելով այս ցածր գնով բիզնես մոդելը, կարողանում ենք հասանելություն ապահովել և օգնել, որ մարդիկ կարողանան շատ էժան գներով իրականացնել ուղևորություններ դեպի Երևան և հակառակը: Մեզ մոտ ամենամատչելի տոմսերը սկսվում են 24,99 եվրոյից: Մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց նման մատչելի եղանակով բացահայտել Հայաստանը և հատկապես գեղեցիկ քաղաք Երևանը: Վստահ եմ, որ այս հրաշք երկիրը զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի»,-ասել է Բրագարենկոն։
Նրա խոսքով՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում երեք նոր ուղղություն բացել Երևանից։ Ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2020 թվականին։ Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Wizz Air-ի օդանավերը Երևանից և հակառակ ուղղությամբ ավելի քան 400 հազար ուղևոր են տեղափոխել: Հայկական ավիացիայի շուկայում ավիաընկերության մասնաբաժինը կազմում է 12%։
Վալերիա Բրագարենկոն ընդգծել է, որ ավիաընկերությունը Երևանից թռիչքներ է իրականացնում դեռևս 9 ուղղություններով։ Դրանց թվում են նաև չվերթերը դեպի Վիեննա, Լառնակա, Միլան, Աբու Դաբի, Հռոմ, Վենետիկ:
«Մենք ունենք բավական արդյունավետ ցածր գնով բիզնես մոդել, և մեր ամենակարևոր կետերից մեկն այն է, որ մենք իրականացնում ենք թռիչքներ միայն ուղիղ երթուղիներով: Մենք կապակցող երթուղիներ չենք վաճառում, որի հաշվին էլ կարողանում ենք առաջարկել մատչելի ավիատոմսեր: Մենք նաև չունենք բիզնես դաս, մենք առաջարկում ենք միայն սովորական դաս, ինչը նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ավիատոմս են գնում մեր ընկերությունից, ճամփորդելու են հավասար պայմաններում»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում