Հայաստանի բանկերը հայկական դրամի 30-ամյակի առթիվ անտառ են հիմնում
02/05/2023 15:34
Նմանատիպ
ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ Հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Այսպիսով, ստեղծվող անտառը, որպես մնայուն, ապագային ու կյանքին ուղղված արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։
Նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն 2-ում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին հողերը և դրա վրա ձևավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին:
Հայաստանը սակավանտառ երկիր է, և անտառածածկույթի ներկա տոկոսը բավարար չէ երկրի բնական էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար։ Այս միջոցառումը ֆինանսաբանկային համակարգի կողմից մնայուն արժեքներ ստեղծելու, սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման կարևորությունը ընդունելու օրինակելի դրսևորում է։