Լեոնարդո դա Վինչի. Իր ժամանակից առաջ անցած գյուտարարը
Նմանատիպ
Մի անգամ նա հավաքեց միջատներ, օձեր, կարիճներ, չղջիկներ, մկներ ու բերեց իր սենյակ, ուր ոչ ոքի չէր թողնում մտնել: Երկար ժամանակ մանրամասն ուսումնասիրեց այդ կենդանիներին ու նրանց խառնուրդից մի երևակայական սարսափելի հրեշ նկարեց…
Նա Լեոնարդո դա Վինչին էր՝ Վերածննդի իտալացի նշանավոր գիտնականը, որի մեջ մեկտեղված էին աշխարհի գրեթե բոլոր գիտություններն ու արվեստները:
Մանկությունից խիստ հետաքրքրասեր ու բազմազբաղ երեխա է եղել: Կյանքում փորձել է ամեն ինչ՝ նկարել, քանդակել, նովելներ գրել, գյուտարարությամբ զբաղվել և այլն: Նա հանճարեղ է ոչ թե իր բազմաշնորհության առումով, այլ տեխնոլոգիական իմաստով: Նրա կտավներում հայելիների արտացոլանքը մեծ նշանակություն է ունեցել: Նա նկարել է բարդ տեխնիկայով ու նաև ստեղծել է իր ժամանակի համար անհավանական բարձր տեխնոլոգիաներ ու կոնստրուկցիաներ, որոնք այսօր կիրառում ենք չիմանալով՝ ով է այլևս սովորական ու կենցաղային դարձած գյուտի հեղինակը:
Օրինակ, թնդանոթի ու տանկի նախատիպը դա Վինչին է ստեղծել: Նրան են պատկանում նաև ջրասույզի կոստյումի, դելտապլանի ու պարապլանի նախագծերը: Նրա մտքի արգասիքն են խորովածի շամփուրը, հարիչը, գինու խցանահանը, կտորե անձեռոցիկները և այլն:
Դա Վինչիի ֆենոմենը մինչ օրս բացահայտված չէ: Նա տարօրինակ հանճար էր, որի ստեղծածով կարելի է հիանալ, բայց նրան հասկանալ՝ ոչ:
Դա Վինչիի գրել է ձախ ձեռքով և աջից ձախ, այն էլ շրջված տառերով: Նրա գիրը կարդալ առանց հայելու պարզապես հնարավոր չէ: Այդպիսին են նաև նրա կտավները: Հայելու կիրառմամբ պատկերի էմոցիան կտրուկ կարող է փոխվել՝ բարի հայացքը վերածվել չարի, Աստված՝ սատանայի, գիշերը՝ ցերեկի, ժպիտը՝ լացի և այլն:
Ինչեր ասես՝ չի կիրառել իր կտավներում ու քանդակներում այս հանճարը՝ սեփական մազերից մինչև մաշկի թեփուկներ և այլն:
Նա ֆանտաստիկ մարդաբան էր: Տևական ժամանակ ուսումնասիրել է անատոմիա, աշխատել նույնիսկ դիահերձարանում՝ առավել մանրամասն ու շոշափելի ծանոթանալու մարդու մարմնի հետ: Հավանաբար հենց դրա շնորհիվ է նրա կտավների յուրաքանչյուր հերոս այդքան կենդանի թվում: Ի դեպ, նրան է վերագրվում նաև պրոթեզի գյուտը: Սա, իհարկե, հավանական է, ինչպես նրան վերագրվող բոլոր գյուտերը, չէ՞ որ նա տիրապետում էր գրեթե բոլոր ոլորտներին, չափազանց հետաքրքրասեր էր և սիրում էր սեփական փորձով բացահայտել տիեզերքում գոյություն ունեցող յուրաքանչյուր դետալ:
Դա Վինչին նաև փայլուն երաժիշտ էր ու խոհարար: Նա նվագում էր տավիղ և մարցեպանով ռազմատեխնիկական ֆիգուրներ պատրաստում: Ի դեպ, առաջինը հենց նա է խոհանոցում կիրառել կերակուրը ոչ շատ մեծ չափաբաժնով, բայց գեղեցիկ ձևավորմամբ մատուցելը: Այն ժամանակ դա հետաքրքիր, բայց ձանձրալի թվացող պրոցես էր, իսկ այժմ հենց դա Վինչի պատկերացմամբ է մատուցվում ուտելիքը բոլոր քաղաքակիրթ ռեստորաններում ու սննդի կետերում:
Մինչ դա Վինչիի Մոնա Լիզան դարերի խորքից շարունակում է ձեզ նայել խորհրդավոր ժպիտով, մտածեք՝ այդքան հանճարեղ ԼԵոնարդո դա Վինչիի գյուտերը ինչպիսի ռեալիզացում ու արդյունավետություն կունենային, եթե մեր ժամանակների տեխնոլոգիական հնարավորությունները լինեին առաջ, երբ հանճարը վերագրվում էր ոչ թե մարդուն, այլ սատանային:
«Ոչինչ մեզ այնքան չի խաբում, որքան մեր կարծիքը»
Սեփական կարծիքից ու այլոց պարտադրածից անդին՝ դա Վինչին հոսանքին հակառակ գնացող անհատ էր՝ բառի բուն իմաստով անհատ: Բոլոր հանճարներն էլ մի քիչ խելագար են, բայց դա մեզ միայն թվում է, որովհետև ժամանակների խորքից այսօր մեր կյանքը հեշտացնում է այն, ինչ ժամանակին խելագարություն է թվացել:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում