WhatsApp-ը նոր հետաքրքիր ֆունկցիա է գործարկել

WhatsApp-ը նոր հետաքրքիր ֆունկցիա է գործարկել

WhatsApp մեսենջերը 2.2316.2.0 թարմացման շրջանակում Windows-ի համար գործարկել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ձայնային հաղորդագրությունները լսել նաև չատից դուրս եղած ժամանակ:

Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը, օգտատերերն այժմ կարող են միացնել ձայնային հաղորդագրությունը և փակել չատը, որտեղ այն ստացվել է, այլ բան անել՝ միաժամանակ շարունակելով լսել հաղորդագրությունը։ Սա հատկապես հարմար է երկար հաղորդագրություններ ստացող մարդկանց համար. այժմ ձայնային հաղորդագրությունը լսելու համար նրանք ստիպված չեն լինի երկար մնալ այդ չատի էջում։

Նոր գործառույթն արդեն հասանելի է բոլոր օգտատերերին, որոնք Microsoft Store-ից ներբեռնել են Windows-ի համար WhatsApp-ի ընթացիկ բետա տարբերակը:

Մասնագետները չեն բացառում, որ այս ֆունկցիան շուտով կարող է հասանելի դառնալ նաև հավելվածի կայուն տարբերակից օգտվողների համար։

Վերջերս Android-ի համար WhatsApp-ի բետա տարբերակը ևս հետաքրքիր նորամուծություններ է ստացել․ 2.23.9.19 տարբերակում հայտնաբերվել է նոր ֆունկցիա, որը թույլ կտա օգտատիրոջն իր նամակագրությունը մի սարքից մյուսը տեղափոխել՝ առանց պատճենները Google Drive-ում պահելու։ Վերջերս թողարկվել է մեկ այլ գործառույթ, որը հեշտացնում է համայնքներում (communities) նավիգացիան։

Բացի դրանից, չորս տարբեր սարքերում մեկ WhatsApp օգտահաշիվ օգտագործելու հնարավորությունը, որը նախկինում հասանելի էր միայն բետա փորձարկողներին, այժմ հասանելի է արդեն բոլոր օգտատերերին:

Միևնույն ժամանակ, WhatsApp-ը շուտով կդադարեցնի Android-ի հին տարբերակների աջակցությունը. հավելվածի վերջին բետա տարբերակը այլևս համատեղելի չի լինի Android 5.0-ից ցածր տարբերակների հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում