Վան Գոգ․ դժբախտ հանճարի պատմությունը

Վան Գոգ․ դժբախտ հանճարի պատմությունը

Վաղ տարիքում հանգիստ ու մտածկոտ երեխա, հետո՝ ճանապարհորդ ու արվեստի գործեր վաճառող և, ամենահետաքրքիրը՝ բողոքական հոգևորական Բելգիայում: Նա համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը. դիմանկարներ, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ… Համարձակ գույներով, դրամատիզմով ու բացառիկ գրավչությամբ: Նրա վրձնի ձեռագիրը նպաստեց ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը: Նրա անունն էր Վան Գոգ:

Վան Գոգ․ ինքնադիմանկար․ 1887թ․ Ամստերդամ

Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (1853–1890թթ.). այսպես է նրա ամբողջական անունը: Գուցե զարմանալի թվա, բայց վերջինիս արվեստը հիմնականում հայտնի է դարձել նրա մահից հետո, երբ նրա աշխատանքները սկսեցին վաճառվել ռեկորդային գներով:
Վան Գոգը լրջորեն սկսել է նկարել միայն կյանքի «հարվածներից» հետո: Սկզբում՝ մերժված սեր, հետո՝ մերժում սոցիալական միջավայրում՝ պատճառով, որ նա ցանկանում էր լինել ճշմարիտ քրիստոնյա: Այս առիթով Վան Գոգը նույնիսկ իր ծանոթներից մեկին ասել է. «Նրանք (մարդիկ, խմբ.) կարծում են, որ ես խենթ եմ»:

Այսպես, վերջնականապես «կտրվելով» հասարակությունից ու իրեն անօգնական զգալով՝ Վան Գոգը սկսեց իր նկարչական ուղին:

Վինսենթ վան Գոգ․ Աստղազարդ գիշեր․ 1889թ․ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Նրա նկարչական կարիերան չափազանց կարճ էր. տևեց ընդամենը 10 տարի՝ սկսվելով 1880-ին և ավարտվելով 1890–ին: Ընդ որում, այս ժամանակահատվածի առաջին չորս տարիներին Վան Գոգը ձեռք էր բերում տեխնիկական հմտություններ: Սկզբում նա սկսեց այցելել թանգարաններ, ծանոթացավ բազմաթիվ նկարիչների հետ ու ձեռք բերեց տեսական ու գործնական գիտելիքներ: Իսկ հետո՝ ստեղծագործելու ժամանակն էր: Սկզբնական նկարները նատյուրմորտներ էին և գյուղացիների պատկերներ: Այստեղ դեռևս քիչ էին աչքի ընկնում «վանգոգյան» հայտնի վառ գունավորումները:

Վան Գոգի «Կարտոֆիլ ուտողները» կտավը ստեղծվել է 1885թ-ին․ Ամստերդամ, Վան Գոգի թանգարան

Ստեղծագործական կյանքի ընթացքում Վան Գոգը եղել է միայնակ ու հիվանդ: Ապրելու նրա կարքիները հոգում էր Թեո վան Գոգը՝ Վան Գոգի կրտսեր եղբայրը: Չնայած, որ Թեոն ամեն ինչ փորձում էր անել Վինսենթի համար՝ միևնույն է, հանճարեղ նկարիչը քիչ–քիչ սկսեց տառապել հոգեկան խնդիրներով. քիչ էր սնվում ու հաճախ հարբում: Այս ամենի արդյունքում զայրույթի պահին Վան Գոգը ածելիով նույնիսկ սեփական ձախ ականջն է կտրում: Նկարիչը որոշ ժամանակ բուժվում է հոգեբուժարանում: Արդյունքը ապարդյուն էր. Վան Գոգը ինքնասպանություն է գործում 37 տարեկան հասակում: Ըստ ուսումնասիրությունների, բացի հոգեկան հիվանդությունից, այս քայլի պատճառը նաև աղքատությունն էր:

«Արևածաղիկներ»․ Վան Գոգն իր կյանքի վերջին տարիներին ստեղծել է ընդհանուր առմամբ 5 կտավ, որոնցում պատկերել է արևածաղիկներ․ կտավներում նա կիրառել է հիմնականում դեղինի տոներ․ Արևածաղիկները Վան Գոգի արվեստի ամենահայտնի և անգին ստեղծագործություններն են, որոնք պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում և գնահատվում են անգին։

Վան Գոգի հանճարը երևում է նրա շքեղ աշխատանքերում: Նրա նկարների շրջանակը հետևյալն էր. ծաղկած պտղատու ծառեր, քաղաքի և շրջակայքի տեսարաններ, ինքնադիմանկարներ ու դիմանկարներ, տան ներքին և արտաքին հատվածներ, արևածաղիկներ ու բնապատկերներ:

Ննջասենյակ․ Վան Գոգ, 1889թ․ Չիկագոյի արվեստի ինստիտուտ

Վան Գոգը արվեստի պատմության մեջ համարվում է ճիշտ չհասկացված հանճար:

Մխիթար Աստվածատրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում