Մայիսի 8․ Հաղթանակի և ամոթի խորհրդանիշ

Մայիսի 8․ Հաղթանակի և ամոթի խորհրդանիշ

28 տարի մայիսի 8-ը հայ ժողովրդին պարգևել է հաղթանակի, բերկրանքի և հպարտության զգացմունք, և արդեն 3-րդ տարին է, որ առաջացնում է ամոթի, հուսալքության և անզորության զգացում։

28 տարի բոլոր գրիչները փառաբանեցին «Հարսանիք լեռներում» հանճարեղ օպերացիան՝ որպես ռազմարվեստի պատմության փայլուն դրվագ, և արդեն 3-րդ տարին է, որ ոչ մի գրիչ չի կարողանում բացատրել Շուշիի անկման հնարավոր պատճառները։

Ինչպե՞ս էր հնարավոր այդքան հեշտությամբ զիջել անառիկ համարվող Շուշին, երբ բնությունից անմատչելի այդ ժայռաքաղաքը 28 տարում հնարավոր էր դարձնել անհասանելի ամրոց։ Հարցերը շատ են, բայց չկան պատասխաններ։ Կա միայն օդում թևածող  ամոթ ու ստորացում։

1992թ-ին Շուշիի ազատագրումը դարձավ ազգի վերածննդի և ապագան վերաիմաստավորելու սիմվոլ, 2020թ-ին Շուշիի անկումը դարձավ ազդանշանն այն բանի, որ հայ հասարակությունն այլևս չի գիտակցում սեփական գոյության իմաստն ու նպատակը։

«Ո՞րն է, Բաբո՛, մեր հայրենիք»,-կասեր դասականը։ Շուշի՞ն, Ակնա՞ն, Քարվաճա՞ռը, Ջրակա՞նը, Գորի՞սը, թե՞ այն 29․800 կմ2-ն, որն ապացույցն է մեր անընդհատ շարունակվող ձախողումների։

Մայիսի 8-ն այլևս հաղթանակի օր չէ, որովհետև հաղթանակները կերտելուց զատ նաև պահպանել է պետք։ Մեզ նոր հաղթական ամսաթվեր են պետք․ Երբ մզկիթի վերածվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կրկին պատարագ հնչի, այն ժամանակ 1992թ-ի մայիսի 8-ի երեկոյան տեղի ունեցած «Հարսանիք լեռներում» օպերացիան նորից կհիշվի իբրև փառահեղ ռազմական օպերացիա, որով ազատագրեց Շուշին թուրքական լծից։

Դանիել Շահումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում