Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիները գերշահույթ են ապահովել բանկերի համար

Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիները գերշահույթ են ապահովել բանկերի համար

2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ առևտրային բանկերում օտարերկրացիների կողմից բացվել են 16327 բանկային և ավանդային հաշիվներ, որը աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի համար։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կենտրոնական բանկից ստացված տվյալները։

Այս ցուցանիշն ապահովել են մեծամասամբ ՌԴ քաղաքացիները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված տեղափոխվել են Հայաստան՝ ՀՀ բանկերում պահելով իրենց խնայողությունները։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել է մոտ 3,6 մլրդ դոլար, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը մոտ 3 անգամ։ Արդյունքում, աննախադեպ բանկային փոխանցումները սպասարկելու համար Հայաստանի առևտրային բանկերում բացվել են նոր բանկային և ավանդային հաշիվներ։

Ուշագրավ է, որ եթե 2020-2021 թվականներին ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային և ավանդային հաշիվները նվազել են, ապա 2022 թվականին նրանց կողմից բացված հաշիվները ավելացել են 103985-ով։ Ընդհանուր առմամբ ոչ ռեզիդենտների հաշիվները 2022 թվականին ավելացել են 109675-ով։

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվների կտրուկ աճից օգտվելով ՀՀ առևտրային բանկերը վերանայել են իրենց ծառայությունների մատուցման սակագները։ Մասնավորապես, եթե նախկինում բանկերը զուտ հաշիվ բացելու համար փոքր գումար էին գանձում կամ, առհասարակ չէին գանձում, ապա 2022-ից հաշիվների սպասարկման վճարները կտրուկ աճել են։ Բացի այդ, Ռուսաստանից հոսող գումարների կանխիկացման համար Հայաստանի առևտրային բանկերը սահմանել են 3-5 տոկոս սակագնային վճար։ Այս ամենի արդյունքում 2022 թվականի ընթացքում Հայաստանի առևտրային բանկերի զուտ շահույթը կազմել է 255 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 3 անգամ աճել է։

Իրավիճակը շարունակվում է նաև այս տարվա ընթացքում։ Մասնավորապես՝ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ առևտրային բանկերում ոչ ռեզիդենտ (օտարերկրյա քաղաքացիների կողմից) ֆիզիկական անձանց կողմից բացվել են 16327 բանկային և ավանդային հաշիվներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 39 տոկոսով կամ 4507-ով։ Հատկանշական է, որ ոչ ռեզիդենտերի հաշիվների աճը դարձյալ պայմանավորված է ՌԴ քաղաքացիներով, մասնավորապես՝ ռեզիդենտների ընդհանուր թվի մեջ նրանց մասնաբաժինը կազմում է  97 տոկոս։

2022-2023թթ․ Ռուսաստանից փոխանցվող գումարների աննախադեպ հոսքը նպաստել է նաև ՀՀ առևտրային բանկերում ոչ ռեզիդենտ անձանց ավանդների ծավալների աճին։ Մասնավորապես՝ եթե 2022 թվականի փետրվարին ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները կազմում էին 871,4 մլն ԱՄՆ դոլար, ապա 2023 թվականի մարտի դրությամբ այն հասել է 1,276 մլն ԱՄՆ դոլարի, այսինքն՝ ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը ավելացել է 405 մլն ԱՄՆ դոլարով կամ 46,5 տոկոսով։ Հարկ է նշել, որ ավանդների ծավալի վրա ազդել է ոչ միայն Ռուսաստանից եկող տրանսֆերտների հոսքը, այլ նաև ռուբլու փոխարժեքը և ՌԴ քաղաքացիների 6 ամսից ավելի Հայաստանում մնալու հանգամանքը, որի հետևանքով նրանք համարվում են արդեն ռեզիդենտ: Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ՝ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ ցնցումներ առաջացրեց Հայաստանի ֆինանսական համակարգում։ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին ֆինանսական շուկայի խուճապը նպաստեց դրամի կտրուկ արժեզրկման։ Անշուշտ, դրա վրա էական ազդեցություն էր թողել նաև ռուբլու արժեզրկումը և դրա մեծ ներհոսքը Հայաստան։ Իրավիճակը կայունացավ ապրիլին, երբ Հայաստան սկսեցին տեղափոխվել մեծ թվով ռուս ռելոկանտներ։ Հավելենք, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան են այցելել 790397 ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը 2021 թվականի ավել է 2,2 անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում