Մայիսի 9․ Հաղթանակի և մրցակցության խորհրդանիշ

Մայիսի 9․ Հաղթանակի և մրցակցության խորհրդանիշ

1945 թվականի մայիսի 8-ին Եվրոպայում ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը. այդ օրը Գերմանիան պաշտոնապես ճանաչեց իր պարտությունը Դաշնակից ուժերից՝ փաստացի ավարտելով պատերազմը Արևմտյան ճակատում։ Կապիտուլյացիան ստորագրվել է գերմանացի գեներալ Ալֆրեդ Ժոդլի կողմից՝ Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում գերմանական գերագույն հրամանատարության անունից տեղական ժամանակով ժամը 2:41-ին:

Հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, պարտության փաստը վավերացվեց Բեռլինում՝ Գերմանիայի զինված ուժերի և դաշնակից տերությունների ներկայացուցիչների կողմից անվերապահ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրմամբ։

Խորհրդային զորքերը Բեռլինի փողոցներում․ 1945թ․

Մայիսի 9-ը կամ Հաղթանակի օրը հիմնականում նշվում է նախկին Խորհրդային Միության անդամ երկրներում: Արևմտյան Եվրոպայում, սակայն,  Հաղթանակի օրը (VE Day) նշվում է մայիսի 8-ին՝ ի նշան Եվրոպայում պատերազմի պաշտոնական ավարտի։ Այն անվանվում  նաև «Եվրոպայի օր»։ Մայիսի 8-ը ազգային տոն է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։ Այս երկրներում օրը նշվում է շքերթներով, արարողություններով և այլ միջոցառումներով։

Մայիսի 9-ը հետխորհրդային պետություններում և որոշ արևելաեվրոպական պետություններում ավանդաբար նշվում է որպես նացիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակի օր։ Պատերազմն ավարտվել է 78 տաի առաջ․ ականատես վետերաններ աշխարհում գրեթե չեն մնացել, ուստի այս օրը ժամանակակիցների ընկալումներում ավելի շատ ասոցացվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում ամեն տարի անցկացվող զորահանդեսի հետ և քիչ բան է ասում անցյալի փառավոր հաղթանակի մասին։

Դաշնակից երկրների զորքերի հանդիպումը Էլբա գետի վրա․ Ապրիլ, 1945թ․

Եվրոպայում պատերազմի ավարտը դարակազմիկ նշանակություն ունեցող հանգրվան էր․ դադարեցին դաժան մարտերը, ավերածություններն ու միլիոնավոր մարդկային կորուստները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նաև ճանապարհ հարթեց Սառը պատերազմի մեկնարկի և աշխարհի քաղաքական և սոցիալական լանդշաֆտի բևեռացման համար։ Նախկին դաշնակիցների անզիջում մրցակցությունը հանգեցրեց նրան, որ անգամ հաղթանակի օրը Եվրոպայում սկսեցին տոնել տարբեր օրերի․

Եվրոպայում 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտը նշանավորող ամսաթվի շուրջ տարաձայնությունները սառը պատերազմի և Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հետևանք են։ Հակամարտող բևեռները համատեղ ուժերով տարած հաղթանակն անգամ չկարողացան տոնել նույն օրը։  Այդուհանդերձ շատ կարևոր է հիշելը, որ Երկրորդ աշխարհամարտն իր մասշտաբներով և աղետաբերության աստիճանով անհամեմատելի է պատմության մեջ երբէ եղած որևէ այլ կոնֆլիկտի հետ։

Ռուսական զորքերը տոնում են հաղթանակը

Հայ ժողովուրդը, որն ունի հազարամյա պատմություն և պատերազմել է անթիվ-անհամար թշնամիների դեմ, երբեք այդքան զոհ չի տվել, որքան Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ ԽՍՀՄ ամբողջ տարածքից զորակոչված շուրջ 600 հազար հայերից տուն է վերադարձել կեսը․ 300 հազար հայ զոհվել կամ անհետ կորել է պատմության ամենամահաբեր պատերազմի ժամանակ։ Չկա այդպիսի ընտանիք, որը կապված չէ գոնե մեկ թելով համաշխարհային պատերազմի հետ, չկա տուն, որը չի կորցրել որևէ մեկին։

Մայիսի 9-ը տոն է հաղթանակի, բայց ավելի շատ խաղաղության, որովհետև պատերազմի ժամանակ մարդիկ ամենից շատ երազում են դրա ավարտի մասին, իսկ 1945թ-ի մայիսի 9-ին մարդկությունն ավետվեց պատերազմի ավարտի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում