«Անբարոյական» քայլ. Ուկրաինայի ԱԳՆ-ն Կարմիր հրապարակի շքերթին ԱՊՀ ղեկավարների ներկայության մասին

«Անբարոյական» քայլ. Ուկրաինայի ԱԳՆ-ն Կարմիր հրապարակի շքերթին ԱՊՀ ղեկավարների ներկայության մասին

Ուկրաինան «անբարոյական» և «ոչ բարեկամական» արարք է համարում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում անցկացված հաղթական շքերթին։ Այս մասին մայիսի 9-ին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը «ռազմական հանցագործ է», որի ձերբակալման համար Միջազգային քրեական դատարանն օրդեր է տվել, գրում է korrespondent.net-ը:

Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում է,որ շքերթի նախորդ գիշերը Ռուսաստանը 25 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի, այդ թվում՝ 15-ը՝ Կիևի ուղղությամբ։

Գերատեսչությունը հավելել է, որ երկրների ղեկավարների մասնակցությունը համարում է «անբարոյական» և «ոչ բարեկամական» քայլ Ուկրաինայի նկատմամբ, «անտեսման դրսևորում» իր գոյատևման և ազատության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի նկատմամբ:

«Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակում: Նրանք արժանի չեն Կրեմլի կողմից օգտագործվելու ճակատագրին՝ մասնակցելու կեղծ գործողությանը, որը որևէ կապ չունի նացիզմի դեմ հաղթանակածների սխրանքի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար:

«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում