Մեծ փոփոխություններ Twitter-ում

Մեծ փոփոխություններ Twitter-ում

Միլիարդատեր Իլոն Մասկն, ով անցյալ տարվա հոկտեմբերին գնեց Twitter սոցիալական կայքը, բազմիցս ասել է, որ մտադիր է այն վերածել բազմաթիվ գործառույթներ համադրող սուպերհավելվածի։ Այժմ կարծես թե առաջին քայլն է արվում այս ուղղությամբ. շուտով հարթակի օգտատերերը կկարողանան միմյանց ուղարկել կոդավորված հաղորդագրություններ և կատարել ձայնային և տեսազանգեր՝ առանց հեռախոսահամար օգտագործելու։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությունը կարելի է անել Twitter-ում Իլոն Մասկի մեկնաբանություններից։

«Շուտով դուք կկարողանաք կապ հաստատել հարթակի ցանկացած օգտատիրոջ հետ ձայնային կամ տեսազանգի միջոցով, դուք կկարողանաք խոսել մարդկանց հետ ողջ աշխարհում՝ չհրապարակելով ձեր սեփական հեռախոսահամարը»,- գրել է նա։

Մասկի խոսքով՝ այսօրվանից՝ մայիսի 10-ից, արդեն հասանելի կլինի այլ մարդկանց հետ կոդավորված հաղորդագրությունների փոխանակման գործառույթը։ Այնուամենայնիվ, տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք ձայնային և տեսազանգերը նույնպես կոդավորված կլինեն, և երբ դրանք հասանելի լինեն:

Մեկ այլ նորարարության շրջանակում սոցցանցի ինժեներներն սկսելու են արխիվացնել այն էջերի բովանդակությունը, որոնց սեփականատերերը դրանք չեն օգտագործել արդեն մի քանի տարի։ Մասկը գրել է նաև սրա մասին։

Համաձայն հարթակի գործող կանոնների՝ օգտատերը պետք է իր օգտահաշիվ մուտք գործի առնվազն երեսուն օրը մեկ անգամ, հակառակ դեպքում այն ​​կարող է ճանաչվել որպես ոչ ակտիվ և հետագայում ջնջվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում