Բախմուտի թնջուկը։ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային
Նմանատիպ
Բախմուտի համար մղվող մարտերը կարող են շրջադարձային դառնալ ոչ միայն ուկրաինական ճգնաժամի, այլև ապագա աշխարհակարգի հաստատման համար։ Վերջին ամիսներին ռուս-ուկրաինական ճակատի այս հատվածում մի քանի տասնյակ հազար զոհեր են եղել։ Անցած շաբաթ մարտերը Բախմուտում թեժացել են: Ռուսական աղբյուրները տեղեկություններ էին տարածում այն մասին, որ երկրի իշխանությունները ցանկանում էին քաղաքը գրավել մինչ մայիսի 9-ը։ Դա պետք է լիներ Հաղթանակի տոնին նվիրված ռուս ժողովրդին մատուցած ևս մեկ նվեր։ Սակայն մայիսի 9-ը անցավ, իսկ մարտերը Բախմուտի համար դեռ շարունակվում են։ Ավելին՝ ռուսական կողմի համար այնտեղ նոր խնդիրներ են առաջացել։
Պրիգոժինի ուլտիմատումը
Մայիսի 5-ի վաղ առավոտյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, կանգնելով զոհված ռուս զինծառայողների մարմիններով պատված բացատում, հայտարարել է, որ մայիսի 10-ին, ժամը 00։00-ին «Վագներ»-ը դուրս է գալու Բախմուտից և պահանջել, որպեսզի մինչ այդ ժամը ռուսական բանակը փոխարինի իրենց քաղաքի՝ մինչ այդ արդեն նվաճված դիրքերում։ Պրիգոժինի բողոքը մեկն էր՝ նա պնդում էր, որ Ռուսաստանի ՊՆ-ն և ԶՈՒ գլխավոր շտաբը անհրաժեշտ քանակությամբ զենք-զինամթերք չեն մատակարարում Բախմուտում մարտնչող «Վագներ»-ի զինվորներին։
Պրիգոժինն այդ տեսաուղերձում մի շարք հայհոյանքներ է հղել ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի և ԶՈՒ ԳՇ պետ Վալերիյ Գերասիմովի հասցեին։
Նուն օրը երեկոյան Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարեց, որ չեչեններից բաղկաղած «Ահմադ» հատուկ ջոկատայինները պատրաստ են փոխարինել «Վագներ»-ին Բախմուտի դիրքերում։ Երկու գործիչներն առաջին օրը հաճոյախոսություններ էին հղում միմյանց, սակայն երկու օր անց նրանց առուները սկսեցին տարբեր հուներով հոսել և Քադիրովն ու Պրիգոժինը սկսեցին հայհոյանքներ հղել միմյանց՝ մեղադրելով դավաճանության, վախկոտության կամ ռուսական շահին ոչ բավարար հավատարիմ լինելու մեջ։
Եվգենի Պրիգոժինի ամենօրյան եթերներն ու հայտարարությունները բազում հարցեր առաջացրին ոչ միայն ռուս զինվորականության, այլև ուկրաինական հակամարտության ընթացքին հետևող քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում։
Ու թեև «Վագներ»-ի ղեկավարի վերոնշյալ հայտարարությունն ակնհայտ շանտաժ էր Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ, այնուամենայնիվ արդեն հաջորդ գիշեր ռուսական հրետանին բազմապատիկ անգամ ավելի մեծ ինտենսիվությամբ սկսեց աշխատել Բախմուտի ուղղությամբ։
Եվգենի Պրիգոժինի հակամարտությունը Շոյգուի ու Գերասիմովի հետ դեռ ընթացքի մեջ է։ Կողմերը շարունակում են միմյանց հանդեպ մեղադրանքներ հնչեցնել։ Չնայած դրան, սակայն, Բախմուտում «Վագներ»-ի գործողությունները շարունակվում են։ Վերջին օրերին քաղաքն իսկական դժոխքի է վերածվել։ Կողմերն օրական հարյուրավոր զոհեր են ունենում, բայց շարունակում նոր ուժեր բերել քաղաք։
Բախմուտի նշանակությունը
Բախմուտի համար մարտերը շարունակվում են մի քանի ամիս։ Ուկրաինական կողմը հասկանում է, որ քաղաքում կրած կորուստները շատ մեծ են և չարդարացված՝ զուտ քաղաքը պաշտպանելու նպատակի տեսանկյունից։ Սակայն Զելենսկու աշխատակազմը նշում է, որ քաղաքը նվաճելու պարագայում ռուսական զորքերը կկարողանան ընդլայնել ճակատը և խոչընդոտել Ուկրաինայի՝ ամիսներ նախապատրաստող հակագրոհի իրականացմանը։
Պաշտոնական Մոսկվան էլ, իր հերթին, այնքան մեծ կարևորություն է տվել Բախմուտի գրավմանը, որ այդ խնդիրը լուծելուց հետո հանգիստ կարող է իրեն հաղթող ճանաչել և գնալ հակամարտության սառեցմանը։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներում այս սցենարը շատ է քննարկվում։ Բոլորը հասկանում են, որ թե՛ հակամարտող կողմերը և թե՛ նրանց աջակցող աշխարհաքաղաքական կենտրոններն այդ պատերազմը շարունակելու քաղաքական, իսկ շատերը նաև ռազմական ու տնտեսական ռեսուրս այլևս չունեն։ Եկել է պայմանավորվելու և որոշ լուծումներ գտնելու ժամանակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում