ChatGPT-ն կարող է ուղիղ մուտք ստանալ համացանցին
Նմանատիպ
Մոտ ապագայում հանրահայտ ChatGPT չատբոտը կարող է ուղիղ մուտք ստանալ համացանցին: Ըստ արհեստական բանականության ոլորտի ակտիվիստ Ռոուան Չյունգի՝ վճարովի GPT-Plus-ի օգտատերերն սկսել են հասանելիություն ստանալ GPT-4-ի ալֆա թեստավորման նոր փլագինին, որը նեյրոնային ցանցին կտրամադրի մուտք դեպի համացանց, որտեղ այն կարող է իրական ժամանակում տվյալներ ստանալ:
ChatGPT-ի բոլոր ընթացիկ տարբերակների տվյալների բազան թարմացված է մինչև 2021-ի սեպտեմբեր, և չատբոտը գրեթե տեղեկություն չունի դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Եթե այն մուտք գործի համացանց, դա կօգնի լուծել մի շարք առաջադրանքներ և խնդիրներ, որոնց բախվում էր այս չատբոտը մշակող ընկերությունը՝ OpenAI-ը։
Այս խնդիրներից մեկը հորինված աղբյուրներն ու գոյություն չունեցող հղումներն են, որոնց պարբերաբար հղում է անում GPT-4-ի պրեմիում տարբերակը։ Երբ չատբոտը մուտք ունենա համացանցին, ապա այս խնդիրը, հավանաբար, կլուծվի:
Բացի դրանից, չատբոտը կարող է տեղեկություններ փնտրել համացանցում և, օրինակ, առանձնացնել տվյալ ժամանակահատվածի համար որևէ թեմայով նորությունները։
Մասնագետի խոսքով՝ նման թարմացումից հետո տեղեկությունների որոնման, կառուցվածքի ու մշակման ոլորտում չատբոտի օգտագործման շատ նոր հնարավորություններ կստեղծվեն։ Օրինակ՝ անհրաժեշտ չի լինի մեկ զրույցի ընթացքում քայլ առ քայլ «ուսուցանել» GPT-ին (յուրաքանչյուր հաղորդագրությունից հետո ուղարկել նոր հաղորդագրություն՝ անհրաժեշտ հրահանգներով ու տվյալներով), բավական կլինի նեյրոնային ցանցին կարգադրել, որպեսզի հրահանգներին ծանոթանա հիպերլինքով, և այն հասանելիություն կստանա աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում