ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի պահանջը ՀՀ սահմանն ապօրինաբար խախտած զինծառայողների հարցով
Նմանատիպ
Մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։
«Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։
Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,- ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։
Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման:
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Նրա հետ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում