«Տիտանիկ»-ի հայերը. հաջողության պատմություն կամ հակառակը

«Տիտանիկ»-ի հայերը. հաջողության պատմություն կամ հակառակը

«Տիտանիկ»-ի պատմությունը գիտեն բոլորը: Առանց երկար-բարակ դրա մասին պատմելու՝ պարզապես կհիշեցնեմ, որ 1912 թվականի ապրիլի 10-ին «Տիտանիկ»-ը Սաութհեմփթոնից սկսեց իր առաջին ուղևորությունը։ Օրվա ընթացքում «Տիտանիկ»-ի ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում, սակայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։ Այն դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս 1317 ուղևորներով և 908-հոգանոց անձնակազմով… Այսբերգի հետ բախման արդյունքում նավը կիսվեց: Ժամը 2։20-ին «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք: «Կարպատիա» շոգենավը, որն օգնության էր գալիս, փրկեց 712 կյանք:

Այսբերգի հետ բախմամբ խորտակված պատմության մեջ միակ օվկիանոսային նավում՝ Տիտանիկում, եղել է 6 հայազգի ուղևոր: Նրանցից միայն 2-ին է հաջողվել փրկվել:

Դավիթ Վարդանյան․ Տիտանիկ նավի ուղևոր

Դավիթ Վարդանյանը «Տիտանիկ»-ի բախումից հետո փրկված հայազգի ուղևորներից մեկն է: Նա ծնվել էր Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումի մոտակայքում գտնվող գյուղերից էր և Օսմանյան կայսրության քաղաքացի էր: Նա «Տիտանիկ» է մտել՝ որպես երրորդ կարգի ուղևոր: Ի դեպ, սա ամենացածր ուղևորական կարգն էր զբոսանավում: Ահռելի նավում ընդամենը 2 սանհանգույց էր հատկացված այս դասի ուղևորներին: Վերադառնանք հայազգի այս հաջողակին: Նրան հաջողվել է ողջ մնալ, որովհետև մանուկ հասակում գյուղի մոտակայքում գտնվող լճակում լողալ է սովորել: Մեկ այլ հետաքրքիր փաստ ևս կա նրա մասին: Լեգենդար նավի խորտակման օրը նրա տարեդարձն էր. 22  տարեկան էր դառնում, իսկ ամուսնացել էր ընդամենը մեկ տարի առաջ:

Այս հաջողակին դեռ կանդրադառնանք, հիմա էլ պատմեմ մյուս հաջողակ հայի մասին, որոնց ճակատագիրը այդ ողբերգական միջադեպով որոշ դրվագներով միավորվեց:

Նշան Գրիգորյանը նավի վրա գտնվող 6 հայերից և 2 փրկծված հայերից մեկն է: Նա ևս ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրումի մոտակայքում գտնվող գյուղերից էր, Օսմանյան կայսրության քաղաքացի:

Նշան Գրիգորյան․ Տիտանիկ նավի ուղևոր

Նա իր համագյուղացիներ Արսեն Սիրականյանի, Հարություն Տեր-Զաքարյանի և Մամփրե Տեր-Զաքարյանի հետ հենց այդ զբոսանավով մեկնում էր Կանադա: Նրա համագյուղացիները ողբերգական միջադեպի արդյունքում զոհվեցին, իսկ Նշան Գրիգորյանին հաջողվեց փրկվել, բայց նա երկար ժամանակ տառապում էր թոքաբորբից և պարբերաբար հիվանդանոց ընկնում: Նշան Գրիգորյանն իր համագյուղացիների հետ Կանադա էր գնում ոմն Փոլ Մարտինի մոտ: Համագյուղացիների փոխարեն նա Փոլ Մարտինի մոտ հասավ Դավիթ Վարդանյանի հետ:

Ինչպես արդեն վերևում ասել էի, Դավիթ Վարդանյանն արդեն ամուսնացած էր, բայց Կանադայում հաստատվելով, նա այլևս չի վերադառնում հայրենիք, ընտանիքի հետ կապն էլ կորում է: Նա ենթադրում է, որ կինը ցեղասպանության զոհ է դարձել: Իսկ Նշան Գրիգորյանն ամուսնանում է Կանադայում: Կինը հայուհի էր: Նրանք ունենում են երեք զավակ:

«Տիտանիկ»-ի ողբերգական կործանումից հետո այս երկու հայազգի հաջողակները բավականին երկար են ապրում (Դավիթ Վարդանյանը մահացել է 76, Նշան Գրիգորյանը՝ 92 տարեկանում), բայց ամբողջ կյանքում սարսափով են հիշում փրկվելը, սկսում են հավատալ հրաշքներին, բայց անհավանական վախ ունենում ցանկացած ջրային տարածության նկատմամբ:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում