Վ. Սեդրակյանը կառաջադրի թեկնածությունը Նախագահական ընտրություններին եւ կպայքարի տիեզերական ուժերի օգնությամբ

«Այսօր ես հրավիրել եմ Ձեզ, որպեսզի խոսեմ այն քաղաքական իրադարձության մասին, որը տեղի ունեցավ մայիսի վեցին, եւ որն իշխանություններն անվանեցին ընտրություններ: Այս իրադարձությունը կարելի է գնահատել ամեն կերպ, անգամ անվանել թափանցիկ, բայց ոչ երբեք արդար ընտրություններ»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Շարունակելով գնահատել սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ Խորհրդարանական ընտրությունները՝ բանախոսը նշեց, որ նման գնահատակ տալիս են ոչ միայն Խորհրդարանում չհայտնված ուժերը, այլ նաեւ այն կուսակցությունները, որոնք հայտնվել են Աժ-ում. ասենք, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» կուսակցությունները, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Ըստ բանախոսի, նրանք բոլորը հայտարարում են, թե նախընտրական շրջանում տեղի են ունեցել խախտումներ, բայց բոլորն ընդունում են արդյունքները:

«Հասարակությունն սպասում էր, որ գոնե ՀԱԿ-ը պետք է ավելի լուրջ գնահատական տար այս ընտրություններին, քանի որ նրանք դեռ 2008-ից հայտարարում էին ավազակապետության դեմ պայքարի մասին: Բայց նրանք էլ ընդունեցին արդյունքները: Ընդդիմադիր դաշտից միայն երկու հրաժարական եղավ. ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ Արամ Զավենի Սարգսյանի հրաժարականը: Վերջինս հայտարարեց, որ իր քաղաքական կուրսը չի համապատասխանում ՀԱԿ-ի քաղաքական կուրսի հետ: Սակայն այստեղ հարց է ծագում. արդյո՞ք նա միայն մայիսի ութին հասկացավ, որ իր քաղաքական կուրսը չի համապատասխանում ՀԱԿ-ի քաղաքական կուրսին: Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ընտրվեր Նախագահ, եւ ինքը կարեւոր դեր ունենար պետության մեջ, այդ ժամանակ էլ քաղաքական կուրսերի մեջ տարբերություն կգտներ: Այս հարցին կարող է Ա. Սարգսյանը պատասխանել, եթե ցանկանա», նշեց բանախոսը:

Վ. Սեդրակյանը կարծում է, որ այս խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցի, որ ՀՀ-ում չկա իրական ընդդիմադիր ուժ: Նույն պատկերը կլինի նաեւ նախագահական ընտրություններում:

Եւ ահա որպեսզի սա տեղի չունենա Վ. Սեդրակյանը հայտարարեց, որ եկող նախագահական ընտրություններին դնում է իմ թեկնածությունը:
«Նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ արդարության համար պայքարելը շահավետ չի: Սակայն արդարությունն այնպիսի գաղափար է, որ տիեզերքում երբեք անտեր չի մնում: Բայց այսօր արդարության դրոշն անտեր գցած է գետնին: Ու քանի որ ես սիրում եմ հավաքել այնպիսի իրեր, որ ոչ մեկին պետք չի, ես վերցնում եմ այդ դրոշակը»:

Ինչպես նշեց Սեդրակյանը, ինքը չէր ցանկանա այս քայլին գնալ, քանի որ նա իրեն քաղաքական գործիչ չի համարում: Եւ այս քաղաքական քայլն ավելի շատ ստիպողական է. «Ես հասկանում եմ, որ մեծ պատասխանատվություն եմ կրում, բայց սա իրավիճակի թելադրանքն է»:

Վարդան Սեդրակյանը համոզված է, որ ինքն ստանձնելու է ՀՀ Նախագահի պարտականությունները, եւ դրանից հետո Հայաստանում վերահաստատելու է արդարության օրենքները, որոնք կառաջնորդվեն Սասնա ծռեր էպոսում:

Որքան էլ տարօրինակ չհնչի, էպոսագետը չի պատրաստվում պայքարել իշխանությունների դեմ ու չի պատրաստվում որեւէ մեկին հաղթել.
«Ես մի խնդիր ունեմ. իմ քարոզարշավի ընթացքում եւ ընտրությունների ժամանակ հիշեցնել, որ վերեւում Աստված կա»:

Եւ ով կհանդգնի պայքարել նրա դեմ անարդար մեթոդներով, կպայքարի «Սասնա ծռեր» էպոսի դեմ: Իսկ դա նշանակում է, որ նա պայքարելու է տիեզերքը կառավարող ուժերի դեմ: «Տիեզերական ուժերի դեմ պայքարողը կոչնչանա, անկախ տարիքից, սեռից», նախազգուշացրեց բանախոսը:
Սեդրակյանը նաեւ նշեց, որ նախընտրական գումարներն իր համար խնդիր չեն: «Ես կարծում եմ, որ կարող եմ գեղեցիկ ընտրարշավ կազմակերպել»:

Եւ վերջում, պատասխանելով ՀՀ երկրոդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին, բանախոսը նշեց. «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է այնպես անի, որ ինչքան հնարավոր է՝ լուռ ապրի, որ մարդիկ իրեն որքան հնարավոր է քիչ հիշեն: Մարտի մեկի գնդակահարությունների մեղավորն ինքն է: Շատ ավելի խելացի կլինի, եթե ինքն իր մասին չհիշեցնի: Իր քաղաքական վերադարձը կարող է վտանգավոր լինել իր համար», ամփոփեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում