Վանի հաղթանակն ու նահանջը կամ Գուրգեն Մահարու մերժված վեպը
Նմանատիպ
Արդեն քանի օր էր` գրողը հանգիստ չուներ: Ամեն երեկո գրասեղանին դարսված վեպի էջերից բարձրանում, լսվում էին պարզ, մարդկային ձայներ` դու պիտի ասես ճշմարտությունը, որ մենք հանգստանանք: Նա գիտեր` ովքեր են իր հետ խոսում, անգամ ճանաչում էր ձայները, հիշում էր դեմքեր, որ վաղուց չկան: Իր կորած ծննդավայրի փողոցները լցվում էին մարդկանցով, և ինքն էլ նրանց մեջ քայլում էին ուր որ, կանչում էին բարձրաձայն, պատմում էին եղելությունը, բայց ոչ ոք չէր լսում նրանց: Եվ երբ թափորը կանգ առավ, ամենքն իրենց հայացքը կրկին հառեցին գրողին`
ԴՈՒ ՊԻՏԻ ԳՐԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Գուրգեն Մահարու կինը` Անտոնինա Մահարին հիշում է այն սարսափները, որ իրենց գլխին եկան «Այրվող այգեստաններից» հետո: Հրապարակավ այրեցին գիրքը, ամբոխը պաշարել էր գրողի տունը` մերժումը համընդհանուր էր, վեճերն էլ շարունակվում են առ այսօր:
Իսկ ի՞նչ էր եղել իրականում, և ինչու՞ այսօր կրկին` Գուրգեն Մահարի:
Վեպն, անշուշտ, հեղինակ ունի, բայց դա միայն Գուրգեն Մահարին չէ: Վեպը գրեցին Մահարու հերոսները` Վանի հերոսամարտի մասնակիցները` թուրքին հաղթելով ու ստիպելով, որ մի ամբողջ նեխած կայսրություն ընդունի անկախ ապրելու իրենց համառությունը:
Վեպը գրեցին Փարամազը, Արաբոն, Վանի զինվորական մարմնի անդամ, զինագործ Բուլղարացի Գրիգորը, որ պաշարված Վանում հասցրեց մի ամբողջ զինագործարան ստեղծել և հերոս վանեցիների համար ձուլեց երեք թնդանոթ:
Վեպը գրեցին նրանք, ովքեր 1915-ի մայիսի երեքին, երբ լռեցին հրացաններն ու թնդանոթները, երբ սուլող գնդակներն այլևս չէին խոցում, երբ օդը լցվեց անզուսպ բացականչություներով` լացում էին ուրախությունից, շնորհավորում էին իրար, թափորով շարժվում էին շտաբ` նորից իմանալու համար իմացածը, հաստատելու համար հաստատածը, որ թուրքերը փախա~ն … Ցնծում-ուրախանում էր հաղթանակած Վանը…
Վեպը գրեցին նրանք, ովքեր հաղթանակած Վանում հիմնեցին հայոց կառավարություն և կառավարական շենքի պատին խոշոր գիրերով հաստատեցին նահանգապետարանի բաժանմունքները` Ոստիկանական, Դատական, Գյուղատնտեսական, Գաղթական, Քաղաքապետական … Կազմակերպվեց անգամ բանտ, որին հատկացվեց նույն շենքի նկուղներից մեկը…
Վեպը գրեցին հաղթանակած վանեցիները, ովքեր… լքեցին իրենց քաղաքը` այդպես էլ չհասկանալով մեծ հարցականը` թուրքը փախչում է ռուսական սվինի առաջ, իսկ Վանը պիտի նահանջի՞…
ԵՎ ԱՀԱ 1966-ԻՆ ԱՅՍ ԳՐՔԻ ՈՒ ՆՐԱ ՀԵՂԻՆԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՅՈՑ ԽԱՎԱՐԱՄԻՏՆԵՐԸ
Էպոս է գրել Մահարին, ահա ինչու իր վեպի գլուխներն անվանել է ԱՍՔԵՐ: Եվ վերջին ասքում պատմում է Վանի վերջին գիշերվա և անհասկանալի նահանջի մասին, որ ոչ ոք այդպես էլ չհասկացավ` ռուսական զորքը հասել է մինչև Երզնկա, Վանի գլխին ոչ մի դամոկլյան սուր չի ճոճվում, ի՞նչ նահանջի մասին է խոսքը…
Ահա և բացատրությունը վեպի չմկրատված տարբերակից, որ տպագրվեց 2004-ին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի աջակցությամբ, Մարկ Նշանյանի առաջաբանով և գրողի որդու` Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ.
«Վանեցին չի թողնի Վանը, վանեցին գործ չունի ոչ գաղթի, ոչ նահանջի հետ… Այս նպատակին հասնելու համար, ընկերներ, մենք պէտք է դիմենք ամենայն Հայոց կաթողիկոսին, ընկերներ, կաթողիկոսը դիմի Կովկասի փոխարքային, իսկ մենք՝ այստեղ, ռուսական շտաբի պետ՝ զօրավար Նիկոլայեւին… որպէսզի թոյլատրեն, ընկերներ, որ վանեցին դուրս չգայ Վանից…»: Մինչ կը կայանար այս իմաստուն որոշումը, ռուսական շտաբի դռան վրայ մի թղթի կտոր երեւաց, որը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ` ռուսերէն եւ հայերէն տառերով ու բառերով մի հրաման, ըստ որի… բայց աւելի լաւ է չշարունակենք):
«Այո,– մտածում է Արամը,– ըստ երեւոյթին ես ճիշտ այնպէս նահանգապետ եմ հիմա, ինչպէս օսմանեան պառլամէնտի անդամ էր լուսահոգի Վռամեանը։ Ի՞նչ է կատարւում, ի՞նչ է սա, գա՞ղթ, նահա՞նջ: Եթէ գաղթ է, ինչո՞ւ պիտի վանեցին, քաղաքացի թէ գիւղացի, թողնի իր տունն ու հողը եւ բռնի Ռուսաստանի ճանապարհը, ինչո՞ւ գաղթի, դառնայ գաղութ ու գաղթական… Իսկ եթէ նահանջ է… Ի՞նչ նահանջ, ո՞ր գրոհող ուժերի դէմ։ Ռուսական սուինի շողքից իսկ սարսափահար թուրքը շնչահատ վազքով նահանջում է դէպի արեւմուտք… նահանջն ա՛յս է, հասկանալի, հարկադրական նահանջ։ Ռուսական այրուձին դոփում է Երզնկայի դռների մօտ, իսկ Վանը պիտի նահանջի…
Մի՞թէպարզչէ, որսախաղէ, միդաժանխաղ, որխաղումէմիապետականմիմեծպետութիւն՝փոքր, անպաշտպանմիժողովրդիգլխին… Հայաստան՝առանցհայերի, այսինքն՝ո՛չմիՀայաստան,— ահաՊետերբուրգումնստածՆիկոլայիեւՎանումկանգնածՆիկոլայեւիկամքը, նրանցքաղաքականութեանզարհուրելիիմաստը։Եւինքը, Վանինահանգապետը, այսինքն «գուբերնատորը», ստիպուածկրկնեցՆիկոլայեւիհրամանը. որպէս… նահանգապետարանիորոշում, որիցյետոյնահանգըվերածուեցնահանջի, նահանգապետարանը` նահանջապետարանի, իսկինքը, նահանգապետը՝նահանջապետի”…(Ընդգծված տողերը հանված են վեպի երկրորդ հրատարակությունից – Ա. Ա.):
Վանը գրավելուց հետո ռուսական բանակի առջև ճանապարհը բաց էր, կարող էր հեշտությամբ գրավել հայաշատ Մշո դաշտը, կփրկեր իր պատիվն ու հարյուր հազարավոր հայի կյանք: Սակայն ռուս հրամանատարությունը հակառակն արեց, նահանջեց թուրքի առաջ ու հարկադրեց խուճապահար նահանջ Վանից, ինչ շատերը համարեցին «ռուսական խաղ»:
ՄԱՀԱՐՈՒՆ ՉՀԱՍԿԱՑԱՆ, ՀԻՄԱ ԷԼ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Վեպի քննադատները մեղադրում էին Մահարուն, ասում էին, թե ծաղրում է հայ ազատագրական պայքարի հերոսներին, ասում էին` մեղքը գցում է զոհի վրա, արդարացնում դահճին…
Մինչդեռ վեպի էջերի միջից խոսում է Փարամազը` Ոչ լանք, ոչ խնդանք, բազմանանք:
Ժողովուրդը տարակուսած հարց է տալիս` եթե կռվում ենք, կռվենք, ինչու՞ է այս կատաղի կուսակցական պայքարը:
Ամեն կուսակցություն իր թատերախումբն ունի, իրար աղջիկ չեն տալիս` դա էլ կուսակցական խնդիր է:
Ինչու՞ այսքան կուսակցություններ` այն էլ մի փոքրիկ, պաշարված ամրոցում: Մեր դեմ թուրքն է, իսկ մենք պայքարում ենք իրարու դեմ…
Ուզեցինք ազատություն և արյուն, բայց եղավ միայն արյուն….
Իսկ գրողն էլ արցունքոտ աչքերով պատմում էր իր ժողովրդի մեծ ողբերգության մասին և զգուշացնում. «ու՞մ, ու՞մ մտքով կանցնի իր զավակի դագաղի վրա ողբացող մոր ողբասացության մեջ քերականական կամ հնչյունական սխալներ որոնել, գտնել կամ չգտնել»:
Մի՞թե մեր ճակատագիրն անվերջ կորուստներն են` իսկ գուցե փրկվեի՞նք, եթե դիվանագետ լինեինք, եթե ոտքի կանգնեինք ճիշտ ժամին, եթե մեր ճակատագիրն օտարին չտայինք…
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
«Այրվող այգեստանները» հայ գրականության անմահ գագաթն է: Դա կորուսյալ հայրենիքի ասքն է, որ մարգարեություն ունի:
Ասում են հիսուն տարին մի անգամ մեռած Վանը կենդանանում է: Քաղաքը լցվում է աղմուկով, վերադառնում են ողջերն ու մեռածները, քաղաքի տերերը, վառվող աչքերով որոնում են իրենց պապենական տները…
Քայլելիս ամբողջ ժամանակ փայլուն քարեր են թողնում իրենց ետևից, որ երբ հնչի ժամերի ժամը, գտնեն հետդարձի ճամփան…
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում