2022-ին գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 %. ներկայացվել է ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

2022-ին գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 %. ներկայացվել է ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետև, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է և տարեվերջին կազմել 8.3 տոկոս:

Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Նշվել է, որ իրականացվող հետևողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ 2023 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:
2022 թվականի մարտից դեկտեմբեր ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի անվանական արժևորումը կազմել է մոտ 20 տոկոս՝ էականորեն նպաստելով արտաքին պահանջարկի ազդեցությամբ գնաճային միջավայրի ընդլայնման մեղմմանը:

ԿԲ նախագահի տեղակալը նաև նշել է, որ Հայաստանում պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը, որոնց էականորեն նպաստում են ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը, ինչպես նաև շինարարության ճյուղի աճը:

Նշվել է, որ 2022 թվականին ՀՀ մակրոտնտեսական միջավայրը և հատկապես գնաճային զարգացումները մեծապես կրել են փետրվարի վերջից սրված ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների և դրանցից ածանցված աննախադեպ մեծ անորոշությունների ազդեցությունները:

2022 թվականի ընթացքում միջազգային այցելուների և ֆինանսական հոսքերի էական աճի արդյունքում ՀՀ դրամի փոխարժեքն անվանական և իրական արտահայտությամբ էականորեն արժևորվել է:

Նշվել է նաև, որ արտաքին պահանջարկի աճին զուգահեռ դրսևորվող ՀՀ դրամի արժևորումը, 2022 թվականի երրորդ եռամսյակից սկսած, նշանակալիորեն զսպել է ներմուծված ապրանքների գների աճը:

2022 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 12.8 տոկոսը, որը փոքր-ինչ ցածր է եղել ԿԲ նախորդ ծրագրի գնահատականից, սակայն դեռևս մնում է բարձր: Վերջինիս հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտում պահպանվող բարձր արտաքին պահանջարկը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը պատասխանել է հանձնաժողովականների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են գնաճին, դրամի արժևորմանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային ներդրումներին և այլն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Դավիթ Առուշանյանի հարցերն առնչվել են մեր երկրի նկատմամբ հնարավոր սանկցիաների կիրառմանը: Արմեն Նուրբեկյանը պատասխանել է, որ սանկցիաները մեզ համար առաջնահերթություն են, ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանի ֆինանսական համակարգը զերծ մնա սանկցիաներից:

Կառավարության գործընկերների հետ համատեղ շարունակական քննարկումներ ենք ունենում այդ հարցով»,- ասել է Արմեն Նուրբեկյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատել ԿԲ-ի հաշվետվությունը, առաջարկել է օրենսդրորեն կարգավորել կառուցապատման հետ կապված առկա խնդիրները՝ խուսափելու համար այս ոլորտում հնարավոր ճգնաժամից:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խոսել է շինարարության ոլորտի խնդիրներից, կիսվել մտահոգություններով: «Մեզանում առկա է ստանդարտների խնդիր: Այդ հարցը պետք է լուծվի, քանի որ յուրաքանչյուր ստանդարտ իր հետ ռիսկեր է նվազեցնում»,- շեշտել է հանձնաժողովի նախագահը:

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Նշենք նաև, որ հանձնաժողովը որոշում է կայացրել մայիսի 18-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների մասին Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում